ՏՏԶԱ խորհրդի ընդլայնված նիստ – Ուրբաթ, 7 Մարտ 2003

Ուրբաթ, 7 Մարտ 2003

ՀՀ վարչապետ, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև կառավարության աշխատակազմի, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՏՏ ոլորտում գործող միջազգային և տեղական ընկերությունների, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները։ Նախքան օրակարգի մյուս հարցերին անցնելը, խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկման է ներկայացրել ռոտացիոն կարգով խորհրդում ընդգրկված անդամների նոր կազմի վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որն արժանացել է խորհրդի անդամների հավանությանը։ Նախագծի համաձայն, խորհրդի կազմից դուրս եկող անդամների‘ «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության ու «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղերի, «Արմինկո» և «Վեբ» ՍՊԸ-ների, «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» և «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ների ներկայացուցիչներին կփոխարինեն «Սոլարեն» ՍՊԸ-ի, «Վիրաժ Լոջիկ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի, «Վիասֆեր» տեխնոպարկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ներկայացուցիչները, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը և «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության նախագծի համակարգողը։ Վարչապետը շնորհավորել է խորհրդի նոր անդամներին և մաղթել նույնպիսի ակտիվ ու գործուն մասնակցություն խորհրդի աշխատանքներին, ինչպիսին մինչ այժմ ծավալել են նախկին անդամները։ Վերջիններիս աշխատանքը վարչապետը բարձր է գնահատել, նշելով, որ խորհրդի շնորհիվ միասնական, համակարգված և արդյունավետ է դարձել գործադիր իշխանության, գործարար և գիտական շրջանակների աշխատանքը‘ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրների լուծմանն ու բնագավառի զարգացմանը նպաստելուն։ Անդրանիկ Մարգարյանը խորհրդի նախկին անդամներին առաջարկել է այսուհետ էլ անմասն չմնալ ընդհանուր աշխատանքից և ցանկության դեպքում‘ իրենց հետաքրքրող հարցերի քննարկմանը մասնակից լինել։ Անդրադառնալով խորհրդի հետագա աշխատանքին‘ նա նշել է, որ անհրաժեշտ է նիստերի օրակագում ներառել ոլորտի առավել լայն ընդգրկումով հարցեր, նկատի առնելով մեր տնտեսության զարգացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի արագ արաջընթացի հանգամանքը։ Այնուհետև նիստի մասնակիցները հաստատել են նորաստեղծ դոնոր և միջազգային կազմակերպությունների համագործակցության աշխատանքային խմբի կազմը, ծրագիրը և լիազորությունների շրջանակը։ Հարցը ներկայացնողները‘ խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը և «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» նախագահ Գարեգին Չուգասզյանը նշել են, որ խորհրդի աշխատանքային խումբը խորհրդատվական մարմին է, որտեղ ընդգրկվելու են միջազգային, դոնոր և հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբին հանձնարարվել է հաջորդ նիստին ներկայացնել իր աշխատանքային ծրագիրը։ Խորհրդի անդամների հավանությանն է արժանացել նաև «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հարցի ներակայացման ժամանակ ընդգծվել է, տեղեկատվական տեխնոլոգիաները, թափանցելով տնտեսության և պետական կառավարման բնագավառները, մարդկանց միջև ստեղծել են սկզբունքային նոր հաղորդակցության տեսակներ‘ էլեկտրոնային առևտուր և էլեկտրոնային կառավարում, որտեղ կարևորներից մեկը էլեկտրոնային հաղորդակցության կողմերի նույնականացումը, էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ապահովումն է։ Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կկարգավորվեն ինչպես այդ, այնպես էլ էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված այլ իրավահարաբերությունները։ Հիշյալ օրենքի նախագիծն ընդգրկված է կառավարության այս տարվա աշխատանքային ծրագրի միջոցառումների ցանկում, և մասնագիտական լայն քննարկումները կնպաստեն այն լավագույնս մշակված ներկայացնելու օրենսդիր մարմնին։ Նիստում խորհրդի քարտուղարությունը տեղեկացրել է ինտերնետում խորհրդի էլեկտրոնային էջի ստեղծման մասին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սակագնային քաղաքականության վերաբերյալ խորհրդի անդամներից մեկի հարցին ի պատասխան, վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունում այժմ մշակվում է ընդհանուր սակագնային հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծ։

Translate »