ՏՏԶԱ խորհրդի նիստ – Երեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2002

Երեքշաբթի, 22 Հոկտեմբեր 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են ոլորտի ընթացիկ գործունեությանն ու զարգացմանն առնչվող մի շարք խնդիրներ: Խորհրդի անդամները հավանություն են տվել այս տարվա նախորդ նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք-հաշվետվությանը: Լրամշակված և ամբողջական տեսքով այն կտեղադրվի ՀՀ կառավարության ինտերնետային էջում‘ ապահովելով հաշվետվության հրապարակայնությունը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը‘ խորհրդի մյուս անդամների հետ մինչև նոյեմբերի վերջը ավարտել Հայաստանի տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գլխավոր ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ձևավորումը‘ դեկտեմբերի 10-ին կայանալիք խորհրդի հաջորդ նիստում հաստատելու համար։ Օրակարգի հարցերի շարքում քննարկվել է նաև Ինտերնետի վիճակի և IP հեռախոսակապի մասին հարցը։ Ընդգծելով, որ այս ծառայությունների մատուցման մասով որակը բավարար չէ, կառավարության ղեկավարը որոշակի հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես, 10-օրյա ժամկետում կապի և տրանսպորտի նախարարությունում համատեղ քննարկումներ կանցկացվեն Ինտերնետ կապի ծառայությունների մատուցման սակագների որոշակիացման համար։ Վարչապետը տեղեկացրել է խորհրդի անդամներին, որ անցյալ շաբաթ Ինտերնետ մատակարարների հետ խորհրդակցությունից հետո հանձնարարել է արդարադատության, տրանսպորտի և կապի նախարարություններին‘ առաջարկներ ներկայացնել առանձին խնդիրների շուրջ «ԱրմենՏելի» հետ հետագա փոխգործակցության քայլերի վերաբերյալ։ Այսօրվա նիստում հանձնարարվել է նաև IP հեռախոսակապ մատուցող ընկերությունների հետ տրանսպորտի և կապի նախարարությունում առանձին հանդիպում և քննարկում կազմակերպել‘ «ԱրմենՏելի» հետ այդ ընկերությունների աշխատանքային հարաբերություններում ծագող խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։ Խորհրդի նիստում հավանություն է տրվել Գարեգին Չուգասզյանի ղեկավարությամբ «Դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքային խմբի» ստեղծման առաջարկին։ Հանձնարարվել է մշակել և խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնել աշխատանքային խմբի կազմի և ծրագրի վերաբերյալ նախագծերը։

Translate »