ՏՏԶԱ խորհրդի 16 նիստ – Չորեքշաբթի, 22 Հունիս 2005

Չորեքշաբթի, 22 Հունիս 2005 

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհրդի քննարկմանն են ներկայացվել նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ՏՏԶԱ խորհրդի 2005թ. գործունեության ծրագրի նախագիծը, «Իսմա» ՍՊԸ-ի կողմից մշակված հայերեն-անգլերեն թարգմանչական ծրագիրը և այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ նախորդ նիստի շուրջ մեկ տասնյակ հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, մշակվել է ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի 2005թ. գործունեության ծրագրի նախագիծը, որը, աշխատանքային խմբերում քննարկվելուց հետո, ներկայացվել է խորհրդի այս նիստի քննարկմանը: Նախորդ նիստի հանձնարարականի համաձայն, այս նիստի օրակարգում ընդգրկվել է նաև «Իսմա» ՍՊԸ-ի կողմից մշակված հայերեն-անգլերեն թարգմանչական ծրագրի քննարկման հարցը: Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, զեկուցվել է, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի, հարկային պետական ծառայության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ: Մասնավորապես, որոշվել է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, սկսած 2005թ. երկրորդ կիսամյակից, եռամսյակը մեկ պաշտոնապես կհրապարակի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամբողջական վիճակագրությունը՝ առանձնացված բաժնով: Մինչև 2005թ. վերջը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցներով կձեռնարկվեն ՏՏ ոլորտում վիճակագրության վարման մեթոդաբանության բարելավման ծրագրի մշակման աշխատանքներ՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Կճշտվի և կկազմվի ՏՏ ոլորտում ներկայումս գործող ձեռնարկությունների ցանկը: Ըստ մեկ այլ հանձնարարականի, խորհրդի գիտակրթական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Յուրի Շուքուրյանը զեկուցել է, որ ծրագրային ապահովման բաց կոդով (Open Source) տեխնոլոգիայի մշակման շրջանակում Հայաստանում մշակվել է Open Office 1.1 ծրագրի հայկական տարբերակը և հրատարակվել է համապատասխան օգտագործողի ձեռնարկը: Ծրագիրը, ըստ նրա, կարող է այլընտրանքային տարբերակ ծառայել Microsoft Office ծրագրի: Խորհուրդը հավանություն է տվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-23-ը կազմակերպվելիք CSIT-2005 (կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ) միջազգային գիտաժողովում Հայաստանում նշված տեխնոլոգիայի կիրառման և դրա զարգացման ուղիների ընտրության հարցի քննարկմանը առանձին կլոր սեղան նվիրելու աշխատանքային խմբի առաջարկին: 

Նիստում քննարկվել և ընդհանուր առմամբ հաստատվել է ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի 2005թ. գործունեության ծրագիրը: Ժամկետ է տրվել այն, ինչպես նաև աշխատանքային խմբերի միջոցառումների ցանկերը մեկ անգամ ևս հանգամանորեն քննարկելու և ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար:

Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ 2005 թվականը նշանակալից է այն առումով, որ նոյեմբերի 16-18-ը Թունիսում տեղի է ունենալու տեղեկատվական հասարակության հարցերով համաշխարհային վեհաժողովի (WSIS) երկրորդ փուլը, որտեղ նախատեսվում է ոլորտի զարգացմանն ուղղված հիմունքներից անցում կատարել գործնական պլանի իրագործմանը, սահմանել այն որոշակի բնագավառները, որոնցում անհրաժեշտ է ապահովել հետագա ջանքերի առավելագույն ներդրումն ու պահանջվող ռեսուրսների տրամադրումը: Ըստ զեկուցողի, որպես ընդհանուր իրագործման ռազմավարություն, նշվում է կառավարությունների առաջատար դերը վեհաժողովի գործնական պլանը ազգային մակարդակով իրագործելու համար, ինչպես նաև խրախուսվում է կառավարությունների կողմից մինչև 2008թ. ՏՏ ոլորտում ազգային ռազմավարությունների մշակումը: Նման բազմակողմ համագործակցությունը և համատեղ ջանքերը, ըստ նրա, հնարավորություն կտան նաև հասնելու Հազարամյակի հռչակագրի զարգացման նպատակներին, որով կշարունակվի բարելավվել մարդկանց սոցիալական վիճակը և զարգացումը: Արմեն Գրիգորյանը և «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ, խորհրդի դոնոր և միջազգային կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանը նշել են, որ ՏՏ աջակցող խորհուրդն արդեն սկսել է նախապատրաստական ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ համաշխարհային վեհաժողովին մասնակցության ուղղությամբ: Մասնավորապես, վեհաժողովի շրջանակներում հայտարարվել ու անցկացվել է Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված (էլ. բովանդակություն) համահայկական «Մաշտոց 1600» մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են հունիսի 11-ին և որի հաղթողները կմասնակցեն աշխարհի լավագույն էլ. բովանդակության բացահայտման համաշխարհային վեհաժողովի մրցանակաբաշխությանը: Նշվել է, որ մրցույթը կլինի ամենամյա և կդառնա ավանդական: ՏՏԶԱ խորհրդի կողմից Թունիսի վեհաժողովին մասնակցության պետական պատվիրակության կազմում առաջարկվել է ընդգրկել խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցին, խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, դոնոր և միջազգային կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանին և ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանին: 

Գործողությունների ծրագրի համաձայն, Թունիսի վեհաժողովին մասնակցության նախապատրաստվելուն զուգահեռ, ՏՏԶԱ խորհուրդը 2005-ին կշարունակի իրականացնել իր գործունեությունը՝ կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներին ու խնդիրներին համապատասխան, այդ թվում՝ բացահայտել և  հաղթահարել ՏՏ ոլորտի զարգացման խոչընդոտները, խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը տնտեսության բոլոր ճյուղերում, մշակել կայուն  և գործարարությանն աջակցող օրենսդրություն, մեծացնել հասարակայնության իրազեկությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների մասին և այլն: 

«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն, պրոֆեսոր Էդվարդ Մանուկյանը ներկայացրել է Հայաստանում համակարգչային թարգմանիչների մշակման ընթացիկ վիճակն ու հիմնախնդիրները: Համաշխարհային ինտեգրման արդի գործընթացներում լուրջ խոչընդոտներից մեկը համարելով լեզվային հաղորդակցության խնդիրը, նա ընդգծել է, որ այդ խոչընդոտի վերացման հարցում հապաղելը կամ ոչ զգոն վերաբերմունքը, մանավանդ ինտերնետի և համակարգիչների ու դրանց միջոցով անգլերենի ինտենսիվ տարածման պայմաններում, կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների, ընդհուպ մինչև հայոց լեզվի դուրս մղման գործընթացի արագացումը: Ըստ նրա, հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիներից է համակարգչային թարգմանիչների օգտագործումը, ինչը կապահովի օտարալեզու մեծածավալ տեղեկատվության փոխանցումը ազգային լեզվին՝ այն պահելով կենդանի գործածության մեջ: Նշելով, որ խոշոր չափի իրական ներդրումների բացակայության պայմաններում, Հայաստանում գործնականում անհնար է առևտարյին ճանապարհով համակարգչային թարգմանիչների մշակումը, զեկուցողը դա համարել է պետական հոգածություն պահանջող հիմնախնդիր: Մանավանդ որ, ըստ նրա, խոսքը ոչ թե զրոյից սկսելու, այլ «Իսմա» ՍՊԸ-ի գիտական խմբի կողմից դեռևս 2000 թվականից նախաձեռնված արհեստական բանականության համակարգերի սկզբունքով գործող հայերեն-անգլերեն երկկողմանի իմաստալից թարգմանություն ապահովող համակարգչային թարգմանիչի մշակված տարբերակի, թարգմանչական համակարգի շահագործման և զարգացման մասին է: Այդ նպատակով «Իսմա» ընկերության ղեկավարն առաջարկել է հիմնել շահույթ չհետապնդող կազմակերպություն (Հայերեն մեքենայական թարգմանության կենտրոն կամ հիմնադրամ): Առաջարկվել է նաև աջակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող մեքենայական թարգմանության պրոբլեմային լաբորատորիային, ինչպես նաև համալսարանում նախատեսել մասնագիտական ուսուցում «Արհեստական բանականության համակարգի և կիրառական լինգվիստիկա» մասնագիտացմամբ՝ նշված աշխատանքներն ապահովելու նպատակով: 

Ընդհանուր առմամբ ընդունելի համարելով հարցադրումը, խորհուրդը որոշել է հարցն առավել հանգամանորեն քննարկել և, արված առաջարկություններն հաշվի առնելով, փորձել լուծումներ գտնել:

Նիստում ՏՏԶԱ խորհրդի կանոնադրությանը համապատասխան, հաստատվել է նաև խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների նոր անհատական կազմը: Դրանում ընդգրկվել են «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Լայքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, «Էլ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Գալստյանը, «Ալկատել Թրեյդ Ինտերնեշնլ Էլ Ջի»-ի ներկայացուցչության տնօրեն Ավետիս Քալանթարյանը, «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ Հայկ Խանջյանը, «Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սեն Արևշատյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Ագբաշյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Կարինե Հարությունյանը:

Translate »