ՏՏԶԱ խորհրդի 10 նիստ – Երկուշաբթի, 21 Հոկտեմբեր 2002

Երկուշաբթի, 21 Հոկտեմբեր 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են ոլորտի գործունեությանն ու զարգացմանն առնչվող ընթացիկ և հեռանկարային մի շարք խնդիրներ: Ի կատարումն խորհրդի նախորդ նիստի հանձնարարականի, խորհրդի քարտուղարության կողմից խորհրդակցության մասնակիցների քննարկմանն է ներկայացվել այս տարվա նախորդ նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք-հաշվետվությունը: Ըստ այդ փաստաթղթի, անցած 9 նիստերի շուրջ 5 տասնյակ հանձնարարականների զգալի մասը կատարվել է: Որոշ մասի շուրջ քննարկումները շարունակվում են, իսկ այս տարվա աշնանը «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար միջազգային կոնֆերանսի ցուցահանդեսի» կազմակերպմանը վերաբերող հանձնարարականը չի կատարվել ցուցահանդեսի հետաձգման պատճառով: Քննարկումից հետո, նիստի մասնակիցները հավանություն են տվել ներկայացված հաշվետվությանը: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել նաև Հայաստանի Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գլխավոր ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը։ Փաստաթուղթն ստեղծվել է խորհրդի քարուտաղարության կողմից, USAID-ի լիազորած IC2 ինստիտուտի փորձագետ Սիդ Բարբեքի մասնակցությամբ, խորհրդի անդամների հետ կազմակերպված 28 հանդիպումների արդյունքում։ ՏՀՏ գլխավոր ռազմավարական ծրագրում առաջարկվում է զարգացնել ձեռներեցությունը‘ որպես գործարարության աճի և կայունության շարժիչ ուժ, տեխնոլոգիաների առևտրականայնացմանը‘ կրթության և գործընթացի զարգացման միջոցով, ձեռներեցչական ենթակառուցվածքների‘ (Տեխնոլոգիաների և Ձեռնարկությունների ինկուբատոր, Տեխնո-պարկ և այլն), գիտական ներուժի շուրջ ձևավորված արդյունաբերական խմբավորումների ստեղծումը, շուկայի մասին հուսալի տեղեկատվության մատչելիությունը‘ մրցակցությունը բացահայտելու համար, ՏՏ փոխկապակցված արդյունաբերության ձևավորումը, ոլորտում մինչև այժմ ունեցած ձեռքբերումների պահպանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ապահովումը և այլն։ Խորհրդի նախորդ նիստում հավանության էր արժանացել Գարեգին Չուգասզյանի ղեկավարությամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի «Դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքային խմբի» ստեղծման առաջարկը։ Այսօրվա նիստում խորհրդի անդամները քննարկել և հաստատել են աշխատանքային խմբի կազմը և ծրագիրը։ Օրակարգի կարևոր հարցերից է եղել հանրապետությունում Ինտերնետի և IP հեռախոսակապի խնդիրը, որը նախկին ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի նիստը, Հայաստանի տարածքում գործող Ինտերնետ մատակարարների, այդ ոլորտում մասնագիտացված ընկերությունների և կառավարության պատասխանատուների հետ հանգամանորեն քննարկվել էր նաև հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Այսօրվա նիստում ոլորտում տիրող իրավիճակը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Վ.Քոչարյանը։ Նա նշել է, որ նախարարությունը նշված խնդրի կարգավորման նպատակով աշխատանքներն սկսել է դեռևս 1998 թ.-ից։ Մասնավորապես, հաստատվել է հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման կարգը, որտեղ տվյալների փոխանցման և տելեմատիկ ծառայությունները սահմանվել են որպես լիցենզավորման ենթակա առանձին գործառնության տեսակներ։ Սակայն, չնայած նրան, որ այդ ծառայություններն ընդգրկված չէին «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի մենաշնորհ իրավունքով մատուցվող ծառայությունների ցանկում, վերջինս բազմաթիվ խոչընդոտներ էր ստեղծում ծառայությունները մատուցող ընկերությունների գործունեության նկատմամբ։ Ելնելով այս իրողությունից, ուսումնասիրելով «IP-ձայն» ծառայության հետ կապված էելկտրակապի Միջազգային Միության հանձնարարականները և այլ նյութեր, միջազգային փորձը, հաշվի առնելով «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲ ընկերությունում տվյալ խնդրի շուրջ քննարկումների ժամանակ արտահայտված տեսակետները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա ներկայումս մատուցվող և ապագայում մատուցվելիք ծառայությունների զարգացման միտումները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկել է «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերությանը տրված թիվ 60 լիցենզիայից հանել նշված խնդիրներին խոչընդոտող 5Ա1 թ) ենթակետը։

Translate »