ՏՏԶԱ խորհրդի 12 նիստ – Ուրբաթ, 20 Փետրվար 2004

Ուրբաթ, 20 Փետրվար 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ: Քննարկվել են 2002թ. հոկտեմբերից ի վեր խորհրդի գործունեության հաշվետվությունը, Ժնևում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում (ՏՀՀԳ) բարձրացված և ՀՀ նախագահի մոտ կայացած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին տեղեկատվությունն ու հետագա անելիքների վերաբերյալ առաջարկությունները, կազմակերպչական և այլ ընթացիկ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ 2002թ. հոկտեմբերից հետո ընկած ժամանակաշրջանում խորհուրդ ամբողջությամբ իրականացրել է իր գործունեությունը՝ կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներին ու խնդիրներին համապատասխան: Այն ակտիվ մասնակցություն է ունեցել ոլորտի զարգացմանը՝ համախմբելով Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հիմնական մասնակիցներին, ինչպես նաև ակտիվ երկխոսության հնարավորություն ստեղծելով տեղական և սփյուռքի գործարարների ու պետական մարմինների միջև: Մի շարք խնդիրներ լուծում են գտել խորհրդի անմիջական մասնակցությամբ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել «Հեղինակային իրավունքների մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում: Խորհրդի աջակցությամբ պարզեցվել է ինտերնետ ծառայություններ մատուցողների լիցենզավորման գործընթացը, մշակվել է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային ստորագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և այլն:

Քննարկման ժամանակ խորհրդի անդամները, այդ թվում՝ գործարար շրջանակների ներկայացուցիչները, նշելով տարվա ընթացքում ոլորտում նկատելի զարգացման իրողությունը, խոսել են նաև դեռևս առկա մի շարք խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են եղած նախաձեռնությունների արդյունավետ իրագործմանը:

Քննարկման արդյունքում խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է խորհրդի քարտուղարությանը՝ մեկ շաբաթվա ընթացքում լրամշակել և ամբողջացնել այն՝ ներառելով նաև առանձին աշխատանքային խմբերի կատարած աշխատանքը, հաշվետու ժամանակահատվածում չկատարված հանձնարարականներն ու չկատարման պատճառները, նաև ոլորտում նկատված առաջընթացի մեջ խորհրդի աշխատանքի արդյունքը:

Ժնևում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում բարձրացված հարցերը, մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական հասարակության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկությունները ներկայացրել են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ՏՏԶԱ խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը և խորհրդի՝ Դոնոր և միջազգային կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանը: Նրանք նշել են, որ Ժնևյան գագաթաժողովում Հայաստանը ներկայացել է պատշաճ մակարդակով, ինչը ընդգծվել է նաև գագաթաժողովի մասնակիցների կողմից: Միաժամանակ, մեր երկիրը ստանձնել է որոշակի պարտավորություններ, որոնց կատարումը նաև մեծ պատասխանատվություն է դնում ոլորտի զարգացմամբ զբաղվող պետական և մասնավոր կառույցների վրա:

Ընդգծվել է, որ Ժնևի գագաթաժողովում արձանագրված հաջողությունը նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի, նրա համապատասխան աշխատանքային խմբի, նախարարությունների հետ միասին կատարած դրական աշխատանքի արդյունքն է: Դա, ըստ վարչապետի, նաև քաղաքացիական հասարակությանը պետական քաղաքականությանը մասնակից դարձնելու հաջողված աշխատանքի օրինակ է, որը պետք է ավելի ակտիվորեն շարունակել: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է այսուհետ ևս աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն այդ ուղղությամբ մեր երկրի վարկանիշի հետագա բարձրացմանը միջազգային ասպարեզում: Կարևորվել է այս ոլորտում միջազգային փորձն այսուհետ մեծապես հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ոլորտի զարգացման հեռանկարային խնդիրներին, զեկուցողները նշել են, որ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկը հայտարարելուց հետո անցած ժամանակաշրջանում ոլորտը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների ու զարգացումների, շատ հարցեր լուծվել են, ձևավորվել են նոր խնդիրներ: Ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: 2003թ. ՏՀՏ ծառայությունների և ծրագրավորման ոլորտում զբաղվածների թիվն աճել է շուրջ 20 տոկոսով՝ կազմելով մոտ 5000 հոգի և իրական հնարավորություններ կան առաջիկա մի քանի տարիներին այդ թիվը կրկնապատկելու համար: Ներկայումս ՏՀՏ արդյունաբերությունում գործում է շուրջ 120 ընկերություն, որոնցից մոտ 30-ը օտարերկրյա, իսկ 90-ը տեղական կապիտալի ներգրավմամբ: Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունեցել՝ չնայած միջազգային ասպարեզում ՏՀՏ արդյունաբերության ընդհանուր անկմանը: Ոլորտի հետագա զարգացման ռազմավարական խնդիրների թվում զեկուցողները նշել են Հայաստանում Տեղեկատվական հասարակության և ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարության մշակումն ու ընդունումը՝ Ժնևյան գագաթաժողովի հռչակագրի դրույթներին համապատասխան, ոլորտում պետական քաղաքականության իրականացման մեխանիզմների, ՏՀՏ ուղղվածությամբ ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորումը, այդ ոլորտի կրթության ռազմավարության մշակումը, հեռահաղորդակցության զարգացումը, ՏՀՏ զարգացումը գնահատելու մեխանիզմների և դրա մասին հասարակական իրազեկության ապահովումը, հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծումը և այլն:

Խորհրդի նիստում առաջարկվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում նախորդ շրջանում ընդգրկված վեց անդամների փոխարեն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ռոտացիոն կարգով ընդգրկել «ԷյՓիՋի Լաբս» ՍՊԸ-ի և «Քվանտ» վարժարանի տնօրեններին, «Քրիդենս Սիստեմ» ամերիկյան ընկերության մասնաճյուղի տնօրենին, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրենին, «Յունիքոմփ» և «Մշակ» ՓԲԸ-ների նախագահներին, նրանք, ըստ ցանկության, կընդգրկվեն խորհրդի մասնագիտացված աշխատանքային խմբերում:

Նիստում քննարկվել և որոշումներ են ընդունվել նաև ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ:

Translate »