ՏՏԶԱ խորհրդի 14 նիստ – Երեքշաբթի, 9 Նոյեմբեր 2004

Երեքշաբթի, 9 Նոյեմբեր 2004

ՀՀ վարչապետ, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպական ու ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ նախորդ նիստի հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, «Բարձր տեխնոլոգիական գոտու մասին» օրինագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք ամփոփվելուց հետո կներկայացվեն ՏՏԶԱ խորհրդին: ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանի հավաստմամբ, կապի և տեղեկատվայնացման ոլորտի զարգացման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումների ժամանակացույցի մշակման աշխատանքներին ներգրավվել են նաև ՏՏԶԱ խորհրդի համապատասխան աշխատանքային խմբերը: Մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նա տեղեկացրել է, որ 10-օրյա ժամկետում խորհրդի հեռահաղորդակցության աշխատանքային խմբի ղեկավարի հետ քննարկվել և վարչապետին է ներկայացվել առաջարկություն՝ հաճախականությունների օգտագործման սակագների վերաբերյալ, ռադիոհեռուստատեսության բնագավառում անալոգայինից թվանշանայինի անցնելու խնդրի հետագա կարգավորման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի մասնակցությամբ: Հանձնարարված 10-օրյա ժամկետում անցկացվել է գործարարների ակումբի նիստ՝ «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրում մեր երկրի ընդգրկման կապակցությամբ Հայաստանի կողմից ներկայացվելիք ծրագրերի մշակման ընթացքի ներկայացման նպատակով:

ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդն ի գիտություն է ընդունել «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի մասին հաղորդումը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ թիվ 60 լիցենզիայում կատարված փոփոխություններն ու լրացումները կազմում են շուրջ 6 տասնյակ, որոնց մի զգալի մասը վերաբերում են ձևակերպումների հստակեցմանը՝ հետագայում տարակարծությունների տեղիք չտալու համար, ինչպես գործող լիցենզիայի պարագայում է: Նոր տարբերակով, ըստ զեկուցողի, «ԱրմենՏել»-ի բացառիկ իրավունքների որևէ ընդլայնում տեղի չի ունեցել. եղել է դրանց կա՛մ պահպանում, կա՛մ սահմանափակում: Մասնավորապես, եթե նախկինում տվյալների հասանելիության ոլորտում «ԱրմենՏելն» ուներ տվյալների ելքի և մուտքի բացառիկ իրավունք, ապա ներկա փոփոխությամբ պահպանում է միայն տվյալների ելքի բացառիկ իրավունքը: Ինտերնետ ծառայություն վաճառելու նախկին բացառիկ իրավունքի փոխարեն ընկերությունը պահպանում է միայն կապուղիները վարձակալության տրամադրելու իրավունքը, ընդ որում՝ կարգավորիչ մարմնի սահմանած սակագներով: Լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակի համաձայն իր բացառիկ իրավունք-պարտականությունները չկատարելու դեպքում, կարգավորիչ մարմնի կողմից «ԱրմենՏելը» կարող է ենթարկվել նաև պատժամիջոցների, ընդհուպ մինչև լիցենզիայից զրկումը: Նախարարն ընդգծել է, որ ըստ էության, ՀՀ կառավարության քաղաքականությունը չի փոխվել: Հաշտության համաձայնագրի նպատակը ոլորտի լիակատար ազատականացումն է, ստեղծված շուկայի պահպանումը և սպառողի շահերի պաշտպանությունը:

Խորհրդի գործարար շրջանակները ներկայացնող անդամների հետ քննարկվել է, թե թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը գործողության մեջ դնելու դեպքում՝ ոլորտի ազատականացմանն ուղղված այդ քայլերը որքանով կարող են նպաստել գործարարների առջև ծառացած խնդիրների լուծմանը: Նիստին մասնակցող արդարադատության, կապի և տրանսպորտի նախարարները հանգամանորեն պատասխանել են խորհրդի անդամներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ստացած պարզաբանումները, որոնց նկատմամբ խորհրդի անդամները առարկություններ չունեին, ինչպես մինչև Հաշտության համաձայնագիրն ստորագրելը, այնպես էլ դրանից հետո, հանրությանը լայնորեն ներկայացնելու, ոլորտում ստեղծվելիք նոր իրավիճակին ծանոթացնելու անհրաժեշտությունը:

Այսօրվա նիստում որոշվել է կազմակերպել հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ-ցուցահանդես: ՏՏ հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը նշել է, որ այն նախատեսվում է իրականացնել աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակության բացահայտման (WSA) համաշխարհային նախաձեռնության շրջանակներում: Ըստ զեկուցողի, WSA-ն սկսել է 2004-2005թթ. լայնածավալ մի ծրագիր՝ համաշխարհային լավագույն էլեկտրոնային բովանդակության ազգային մրցույթ-ցուցահանդեսների շարք, որոնց հաղթողները կներկայացվեն 2005թ. Թունիսում կայանալիք ՄԱԿ-ի Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին: Նա ընդգծել է, որ 2003թ. ՄԱԿ-ի ՏՀՀ գագաթաժողովի Ժնևյան փուլում գլխավոր մրցանակը հանձնվել էր Հայաստանին: Գարեգին Չուգասզյանը հավաստիացրել է, որ նախատեսվող համահայկական մրցույթ-ցուցահանդեսը, որը կֆինանսավորվի դոնոր կազմակերպությունների կողմից, մեծապես կնպաստի Հայաստանի վերաբերյալ բարձրորակ էլեկտրոնային բովանդակության ստեղծմանը և տարածմանը, կընդլայնի հանրության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, Հայաստանի էլեկտրոնային բովանդակության արտադրողների համար հիմքեր կստեղծի՝ միջազգային ասպարեզում իրենց նվաճումներն ու արտադրանքը ներկայացնելու համար:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հարցի վերաբերյալ բոլոր առաջարկություններն ստանալուց և խորհրդի քարտուղարությունում քննարկելուց հետո, այն ներառել հայոց գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հոբելյանական հանձնաժողովի միջոցառումների ցանկում:

Նիստում քննարկվել է նաև ՏՏ ոլորտի համակարգումն առաջնորդող մարմնի ստեղծման մասին հարցը, որը խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականներից էր: Հարցը ներկայացնող ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ՏՏԶԱԽ փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը, ՏՏ հիմնադրամի նախագահ, ՏՏԶԱԽ դոնոր և միջազգային կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանը զեկուցել են, որ վարչապետի հրավերով այս տարվա մայիսին Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի փորձագետների խումբը, բազմաթիվ քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում, արդեն ներկայացրել է իր զեկույցը: Ըստ նրանց, Հայաստանում էլեկտրոնային զարգացման հնարավորությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման կազմակերպչական կառուցվածքի այլ երկրներում գործող տարբեր ինստիտուցիոնալ մոդելների վերլուծության հիման վրա, ՀԲ առաքելության կողմից առաջարկվել են խնդրի լուծման երկու՝ կենտրոնացված և պետական-մասնավոր գործընկերության մոդելների տարբերակներ: Առաջինը ենթադրում է էլեկտրոնային զարգացման վարչության ստեղծում կառավարության աշխատակազմում, իսկ երկրորդը՝ նոր գործադիր գործակալության հիմնում:

Զեկուցողները նշել են, որ ՀԲ առաքելությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է ստեղծել նաև տեղեկատվության կամ նորարարությունների հարցերով գլխավոր պաշտոնյա (CIO) գործառույթը՝ պետական հատվածում ՏՏ ոլորտի ներդրումների աշխատանքների համակարգումը, ազդեցությունը և արդյունավետությունը բարելավելու նպատակով:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է շարունակել հարցի շուրջ քննարկումները և ստացվող բոլոր առաջարկները ներկայացնել խորհրդի քարտուղարություն՝ ամփոփման համար:

Նիստում ներկայացվել է նաև Բաց հասարակության ինստիտուտի Աջակցման հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով հրատարակված Open Office.org հայերեն տարբերակը և օգտագործողի ձեռնարկը: Տարբերակը, ըստ նախաձեռնողների, տեղայնացված է և մայրենի լեզվով կարող է լայն կիրառություն ստանալ համակարգչից օգտվող բոլոր սպառողների համար՝ ուսումնական հաստատություններ, գրասենյակներ, գործարար շրջանակներ և այլն: Ողջունելով նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, վարչապետը հանձնարարել է խորհրդի համապատասխան աշխատանքային խմբին՝ ուսումնասիրել և հիշյալ տարբերակի կիրառման արդյունավետության վերաբերյալ եզրակացություն ներկայացնել խորհրդին: Նույնն առաջարկվել է նաև շահագրգիռ սպառողներին:

Translate »