ՏՏԶԱ խորհրդի 31 նիստ – Երեքշաբթի, 1 Հունիս 2010

Երեքշաբթի, 1 Հունիս 2010

ՏՏԶԱԽ նիստում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստի սկզբում ՏՏԶԱԽ անդամներին ներկայացվել է խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականների կատարման ընթացքը, որից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը։
Խորհրդի անդամներին զեկուցվել է «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման խնդիրների մասին։ Ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի էությունը։ Վարչապետը կարևորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով։
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հանդես է եկել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ու ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության խնդրի մասին վերլուծական զեկույցով։ ՏՏԶԱԽ անդամները քննարկել են «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի և կներկայացնի գրավոր առաջարկություններ օրենքի իրականացման ընթացակարգերի հստակեցման և բարելավման վերաբերյալ։
Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև տրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու, մասնավորապես, ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնի հիմնադրամի ստեղծման խնդիրներին։

Translate »