ՏՏԶԱ խորհրդի 4 նիստ – Երեքշաբթի, 9 Հոկտեմբեր 2001

Երեքշաբթի, 9 Հոկտեմբեր 2001

ՀՀ վարչապետ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել էր խորհրդի նիստ: Մինչ այս՝ խորհուրդը, որի հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգից բխող դրույթների իրագործմանը նպաստելն է, անցկացրել է 3 նիստ, ձևավորել աշխատանքային խմբեր, հաստատել խորհրդի քննարկելիք հարցերի օրակարգի ձևավորման սկզբունքները և այդ սկզբունքներով արդեն իսկ ոլորտին վերաբերող որոշակի հարցեր քննարկել, որոշումներ կայացրել: Այսօրվա նիստում քննարկման էին ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասսայականացման խնդիրները, որոնք ներառում են ՏՏ ոլորտում հայկական ստանդարտների և համակարգերի մշակման և ներդրման, կրթական համակարգում մասսայական համակարգչային գրագիտության և հայերեն գործողությունների (օպերացիոն) համակարգերի ստեղծման և ներդրման հարցերը: Օրակարգում ընդգրկված էր նաև ս.թ. նոյեմբերի երկրորդ տասնօրյակում Երևանում նախատեսվող «Կովկասյան ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախաձեռնություն» տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցը: Առաջին հարցի՝ ՏՏ մասսայականացման խնդիրների վերաբերյալ, զեկուցել է «Հայհամակարգիչ կենտրոն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Մխիթարյանը: Նա նշել է, որ կենտրոնը երկար տարիներ զբաղվել է հայկական լեզվական ստանդարտների մշակման հիմնախնդիրներով, մասնավորապես ստեղծվել է 10 ստանդարտ, որոնցից մեկը հաստատվել և գործողության մեջ է դրվել Հայպետստանդարտի կողմից, ևս մեկը՝ գրանցվել: Ըստ Վ.Մխիթարյանի, չնայած մինչ այժմ կարևորագույն այս խնդիրը դեռևս լուծված չէ, Հայպետստանդարտի կողմից հիշյալ ստանդարտներն ամբողջությամբ ընդունված չեն, սակայն, փաստացի դրանք կիրառվում են և ապացուցել են իրենց կենսունակությունը: Վարչապետը հանձնարարել է Հայպետստանդարտին՝ շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ մինչև հոկտեմբերի 13-ը քննարկել հայկական ստանդարտների և համակարգերի մշակման և ընդունման մեխանիզմները, չընդունման պատճառները և այդ ուղղությամբ ձեռնարկելիք անհրաժեշտ քայլերը: Կրթական խնդիրների շուրջ զեկուցել է «Ալգորիթմ-Սերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն Վ.Հակոբյանը, նշելով, որ շատ է խոսվում կրթական համակարգերի ինֆորմատիզացիայի, համակարգչային ընդհանուր գրագիտության բարձրացման, հայերեն էլեկտրոնային դասագրքերի ներդրման անհրաժեշտության մասին, սակայն էական առաջընթաց առայժմ չկա: Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության՝ այդ ուղղությամբ կատարած աշխատանքը, կարևորելով բացի համակարգչային դասարանների փոքրաթիվ համակարգիչները, նաև տնային և փոքր ձեռնարկությունների գրասենյակների տեխնիկական միջոցները ուսուցման, համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով օգտագործելը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այս խնդրի լուծման կարևոր նախապայման է համարել դպրոցների տեխնիկական հագեցվածությունը, առանց որի էլեկտրոնային դասագրքերի ներդրման մասին խոսելն ավելորդ է: Նա շեշտել է նաև այդ գործով զբաղվող ընկերությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, առանց որի դպրոցներում անթույլատրելի է սեփական նախաձեռնություններով ուսուցման ծրագրեր իրագործելը: Վարչապետը ԿԳ նախարարության համապատասխան հանձնաժողովից պահանջել է տեղեկանք ներկայացնել, թե քննարկվող խնդրի ուղղությամբ մինչ այժմ ի՞նչ է արվել, այդ առումով ի՞նչ վիճակում են գտնվում դպրոցները: Խորհրդի անդամները կարծիքներ փոխանակել նաև գործողությունների (օպերացիոն) հայերեն համակարգերի մշակման նպատակահարմարության մասին: Հնչել են հակասական տեսակետներ: Առաջարկվել է խորհրդի շրջանակներում ստեղծել այդ հարցով զբաղվող աշխատանքային խումբ, որը խորամուխ լինի խնդրի մանրամասների մեջ և խորհրդի քննարկմանը կներկայացնի միասնական տեսակետ: Կովկասի էլեկտրոնային զարգացման մեծ ծրագրի մաս համարվող «Կովկասյան ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախաձեռնություն» տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ է հաղորդել այդ հարցով զբաղվող խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուքասզյանը: Նա նշել է, որ մի քանի երկրներից՝ Վրաստան, Իրան և այլն, արդեն կան մասնակցության վերաբերյալ համաձայնություններ, սակայն, ընդհանուր առմամբ, վաշինգտոնյան իրադարձությունների և դրա հետևանքով աշխարհում այսօր առաջացած պատերազմական իրավիճակի պատճառով որոշակի զգուշավորություն է նկատվում օդային փոխադրումներից օգտվելու, երկրից դուրս գալու հարցում: Պարոն Չուքասզյանը նշել է, որ առաջիկա 10 օրերին կփորձեն հավանական բոլոր մասնակիցներից պաշտոնապես ստանալ մասնակցության մասին տեղեկություններ և նոր միայն հստակեցնել նախատեսված ժամկետում կոնֆերանսի անցկացման կամ հետաձգման նպատակահարմարությունը: Նիստի վերջում խորհրդի աշխատանքային խմբերը հակիրճ զեկուցել են ընթացիկ աշխատանքների մասին:

Translate »