ՏՏԶԱ խորհրդի 7 նիստ – Չորեքշաբթի, 27 Փետրվար 2002

Չորեքշաբթի, 27 Փետրվար 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ, որը վարեց խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և առաջիկա անելիքների հետ կապված մի շարք հարցեր: Նշվեց, որ հանրապետության դպրոցներում էլեկտրոնային դասագրքերի ներդրման, Հայաստանում առավել գործածական օպերացիոն համակարգերի հայալեզու տարբերակների ստեղծման անհրաժեշտության շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների շարունակման, Հայաստանում և Հնդկաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսների կազմակերպման և նախորդ նիստի այլ հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը բավարար է: Հանձնարարականների շրջանակում քննարկվեց նաև տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած ՀՀ հաղորդակցության ոլորտի գործունեությունը կարգավորող անհրաժեշտ ծառայությունների և սակագների վերաբերյալ տեղեկանքը: Հաշվի առնելով, որ քննարկման ընթացքում, բացի տեղեկանքում բերված առաջարկություններից, արտահայտվեցին նաև խնդրի կարգավորմանը նպաստող այլ տեսակետներ՝ մասնավորապես սակագների մշակման համար անկախ մարմնի ստեղծման, հեռահաղորդակցության ոլորտի կարճաժամկետ, միջին ժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ստեղծման և դրանց հիման վրա սակագների որոշման, օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, որոշվեց բոլոր առաջարկությունները ամփոփելուց հետո խնդիրը ներկայացնել խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը: Նիստում խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Չուգասզյանը ներկայացրեց «Էլեկտրոնային Կովկաս» տարածաշրջանային կոնֆերանսի կազմակերպման աշխատանքների ընթացքը: Նշելով, որ այսօր Հայաստանը ռազմավարական ծրագիր ունի միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և զգալիորեն ետ է մնում հեռահաղորդակցության ենթահամակարգի բնագավառում, Չուգասզյանը կարևորեց ազգային և տարածաշրջանային ծրագրերի, համակարգի ընդհանուր ռազմավարության մշակման խնդիրը: Նկատի ունենալով, որ ապրիլին նախատեսված «Էլեկտրոնային Կովկաս» տարածաշրջանային կոնֆերանսը Եվրամիության աշխատանքների ծանրաբեռնվածության պատճառով հետաձգվում է, որոշվեց քննարկման ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելով, մինչև կոնֆերանսի անցկացման նոր ժամկետի ճշգրտումը, նախապատրաստել ոլորտի զարգացման ընդհանուր հայեցակարգը և ներկայացնել խորհրդի արտահերթ նիստի քննարկմանը: Նիստում Հայաստանի և սփյուռքի համար հայերեն լեզվով էլեկտրոնային կրթական ծրագրերի ստեղծման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքները ներկայացրեցին «Կրթություն՝ հանուն զարգացման» կազմակերպության ներկայացուցիչ Մարիլու Փափազյանը: Ըստ նրա, կազմակերպությունն այդ ուղղությամբ գործունեություն է ծավալել արդեն չորս տարի, ակտիվորեն համագործակցում է կրթության և գիտության նախարարության հետ, բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ու Կանադայի մի շարք համալսարանների հետ՝ նշված ոլորտում նրանց մշակած բարձրակարգ ծրագրերը Հայաստանի և սփյուռքի դպրոցներին ու բուհերին փոխանցելու համար:

Translate »