ՏՏԶԱ խորհրդի 9 նիստ – Ուրբաթ, 24 Մայիս 2002

Ուրբաթ, 24 Մայիս 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, հրավիրված էին մասնակցելու բնագավառի մասնագիտացված մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, հիմնականում՝ սփյուռքահայեր: Նիստի սկզբում վարչապետը կարևորեց Հայաստան-սփյուռք համաժողովի նախաշեմին անդրադարձը մեր տնտեսության համար կարևոր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի խնդիրներին, բնագավառի զագացմանն ուղղված առաջարկների քննարկումը և նշեց, որ վարչապետին առընթեր գործող խորհուրդը պատրաստ է այսուհետ ևս աջակցել այդ ոլորտի գործարարներին՝ իրենց խնդիրների լուծման գործում: Սփյուռքիայի մեր հայրենակիցները համառոտ ելույթներում ներկայացրին ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս իրենց ղեկավարած ընկերությունների փորձը, հայաստանյան շուկայի վերաբերյալ դիտարկումները և տեղեկատվական տեխնոլոգիաների կայուն մրցունակ համակարգ ստեղծելու համար իրենց առաջարկները: Ընդհանուր առմամբ, բոլորն էլ ընդգծեցին ոլորտի զարգացման համար Հայաստանի օրենսդրական նպաստավոր դաշտի ստեղծման ուղղությամբ արված քայլերը, առկա մտավոր ներուժը, որի վրա հենվելով հնարավոր է մեր երկրում շահավետ գործ սկսել: Նշվեցին արդեն իսկ գոյություն ունեցող այդպիսի մի քանի օրինակներ: Գործարարներին, նաև կառավարությանը շարունակում է մտահոգել հեռահաղորդակցության դեռևս ոչ բավարար որակը, որի մասին ևս խոսք եղավ խորհրդի նիստում: Նշվեց, որ դրա բարելավման ուղղությամբ գործադիր իշխանությունը քայլեր է ձեռնարկում:

Translate »