Կարինե Մինասյան. ԵԱՏՄ թվային տարածքը ՀՀ-ի համար նոր հեռանկարներ կբացի

Կարինե Մինասյան. ԵԱՏՄ թվային տարածքը ՀՀ-ի համար նոր հեռանկարներ կբացի

052309113620_5

2016թ. հունվարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հավանություն էր տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական թվային տարածքի ձեւավորման հայեցակարգի մշակմանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵԱՏՄ միասնական թվային տարածքը, ի՞նչ կտա այն անդամ երկրներին, ե՞րբ է նախատեսվում այն կյանքի կոչել. այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանի հետ:

- Տկն Մինասյան, ի՞նչ է ենթադրում ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ստեղծումը, ի՞նչ կտա այն միության անդամ երկրներին, այդ թվում`Հայաստանին:

- Միասնական թվային տարածքի ստեղծման հիմնական նպատակը ԵԱՏՄ-ի եւ նրա կազմում գտնվող երկրների մրցունակության բարձրացումն է: Ինչպես հայտնի է, գլոբալ թվային աշխարհը զարգանում է արագընթաց տեմպերով՝ ընդգրկելով նաեւ ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին եւ գործարարներին՝ իր հետ բերելով նոր ռիսկեր ու հնարավորություններ:

Տնտեսական հարաբերությունների այս նոր՝ թվային ձեւաչափը դեռեւս դուրս է մնում ավանդական պատկերացումների շրջանակից, այդ պատճառով բոլոր երկրները փորձում են գտնել իրավական կարգավորման՝ իրենց ամենանպատակահարմար մեխանիզմները:

Բացառություն չէ նաեւ Եվրասիական տնտեսական միությունը: Մեզ համար շատ կարեւոր է ստեղծել այնպիսի թվային տարածք, որը թույլ կտա առավելագույնս շահել անդամ երկրներում տեղի ունեցող ինտեգրացման եւ թվայնացման գործընթացներից: Այն ԵԱՏՄ-ի առջեւ կբացի գլոբալ թվային տնտեսության նոր հեռանկարներ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կտա ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ձեւավորումը Հայաստանին, նշեմ, որ այն էապես կհեշտացնի թվային հարթությունում ՀՀ փոխհարաբերությունները միության մյուս անդամ երկրների հետ, ապրանքների եւ ծառայությունների շուկան կդառնա ավելի բաց, կձեւավորվեն նոր շուկաներ, ինչպես նաեւ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:

- Իսկ որքանո՞վ են պատրաստ ԵԱՏՄ երկրները միասնական թվային տարածքի ձեւավորմանը: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նախագիծը կյանքի կոչելու համար, եւ ի՞նչ է արդեն արվել:

- Պետք է նշեմ, որ պատրաստվածության առումով միության անդամ երկրները գտնվում են տարբեր զարգացվածության մակարդակների վրա. դա վերաբերում է ենթակառուցվածքներով ապահովվածությանը, կադրերի պատրաստվածությանը, տեղեկացվածությանը եւ այլն:

Գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է վերացնել այլ խոչընդոտները եւ միավորել ջանքերը՝ նախապատրաստական եւ հետագա աշխատանքների ուղղությամբ: Նախեւառաջ, անհրաժեշտ է որոշել գաղափարի այն ցանկալի տեսքը, որին ձգտում ենք հասնել, ապա մշակել այն կյանքի կոչելու քայլերն ու սկզբունքները:

Տեղեկացնեմ, որ այս ուղղությամբ ներկայում ընթանում են տարբեր տեսակի խորհրդատվական աշխատանքներ, ձեւավորվում է աշխատանքային խումբ, որն էլ պետք է զբաղվի թվային տարածքի կազմավորման հարցերով:

Մենք չենք խոստանում ստեղծել աշխարհում ամենալավ ու կատարյալ թվային տարածքը: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմանը՝ հանուն մարդկության բարեկեցության:

- Կա՞ն արդյոք ԵԱՏՄ միասնական թվային տարածքի ստեղծման կոնկրետ ժամկետներ:

- Միասնական թվային տարածքի ստեղծումը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում. մնացած աշխարհը չի պատրաստվում մեզ սպասել: Տարեվերջին արդեն պետք է անցնենք «մաստեր-պլանի» իրականացմանը, որը նախատեսվում է ավարտել 2020-2025 թթ.:

Այնուամենայնիվ, թվային տարածքի ստեղծման գործընթացն այժմ էլ ընթացքի մեջ է, արդեն գոյություն ունեն դրա առանձին տարրերը: Իրականացվող աշխատանքների առաջին արդյունքները մենք կունենանք առաջիկա 1-2 տարում, սակայն հիմնական արդյունքը կզգացվի ապագայում:

Միացյալ Եվրոպան կառուցեց իր միասնական թվային տարածքը 10-15 տարվա ընթացքում. մենք ակնկալում ենք անցնել այդ ուղին ավելի արագ:

- Տկն Մինասյան, ինչպե՞ս կանդրադառնա այս նախագծի իրագործումը ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ իրականացվող էլեկտրոնային առեւտրի վրա:

- Ընդհանուր թվային տարածքի ձեւավորումը ներառում է նաեւ էլեկտրոնային առեւտրի ասպեկտը: Այն զգալիորեն կակտիվացնի ոչ միայն միության անդամ երկրների միջեւ ինտեգրացիոն գործընթացները, այլեւ կնպաստի փոխադարձ առեւտրի աշխուժացմանը, ինչպես նաեւ ՓՄՁ-ների համար կապահովի ԵԱՏՄ շուկայի հասանելիություն:

Մյուս կողմից, թվային տարածքի ձեւավորումը նոր հնարավորություններ կբացի էլեկտրոնային առեւտրի համար՝ միության ներսում արտադրված ապրանքների եւ ծառայությունների ներգրավմամբ:

Կարինե Մինասյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը

Հղում` ԵԱՏՄ թվային տարածքը ՀՀ-ի համար նոր հեռանկարներ կբացի

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »