Համահայկական ֆորումում կքննարկվեն երիտասարդ գործարարներին հետաքրքրող խնդիրները

Mushekh-Avetisyan-800x500_cՀայաստանի երիտասարդ գործատուների միությունն այս տարվա հուլիս 15-22-ը կազմակերպելու է Համահայկական ֆորում` նվիրված երիտասարդ գործարարներին, որտեղ բարձրաձայնվելու են Հայաստանում բիզնես հիմնելու, նոր բիզնես կապեր հաստատելու և մի շարք այլ հարցեր:

Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվելու են երիտասարդ հայ ձեռներեցներ, ինչպես նաև արդեն Հայաստանում հաստատված բիզնեսմեններ, ովքեր հաջողության են հասել Հայաստանում: «Նրանց հետ քննարկելու ենք սփյուռքահայերի` Հայաստան գալու ու այստեղ բիզնես հիմնելու և գործարար կապեր հաստատելու խնդիրները: Այս շրջանակներում մենք համագործակցում ենք նաև Սփյուռքի նախարարության հետ», – ասաց միության նախագահը:

Այժմ Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը փորձում է առանձին հարթակ ստեղծել, որը կմիավորի բոլոր հայրենադարձ ձեռներեցներին, և մինչև այս աշնան վերջ համակարգել այն խնդիրները, որը նրանք ունեն և նարկայացնել դրանք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

«Այս ամենի արդյունքում ակնկալում ենք, որ այդ խնդիրներից շատերը լուծումներ կստանան պետական մակարդակով, այսինքն` մենք փորձում ենք դառնալ այն օղակը, որը ձեռներեցների խնդիրները կհասցնի կառավարությանը», – հավելեց պարոն Ավետիսյանը:

Հարցին, թե ինչ են քայլեր են ձեռնարկվում ՏՏ աշխատաշուկայի բարելավման համար և ինչ խնդիրներ կան տվյալ շուկայում, պարոն Ավետիսյանը նշեց, որ կա ծրագրավորողների պակաս, ինչպես նաև մեծ խնդիր է մասնագետների արտահոսքը մեր երկրից` ավելի գրավիչ առաջարկների հետքերով:

Կառավարությունը պետք է կարողանա այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի ՏՏ ոլորտի մասնագետները շահագրգռված լինեն մնալ այստեղ:

«Մեր կազմակերպության շրջանակներում կարող ենք օգնել այն երիտասարդներին, ովքեր պլանավորում են սկսել իրենց սեփական բիզնեսը և աջակցել նրանց: Ցանկացած երիտասարդ, գալով մեզ մոտ և դառնալով մեր միության անդամ, սկսում է մասնակցել  մեր կողմից կազմակերպված բոլոր հանդիպումներին, որտեղ ներկա են լինում թե´ սկսնակ գործարարներ, թե´ երկար տարիների փորձ ունեցող գործարարներ և այլ մասնագետներ: Այս ընթացքում երիտասարդները, շփվելով մեր գործընկերների հետ, ստանում են փորձ և կողմնորոշվում են, թե ինչով զբաղվել», – նշեց Ավետիսյանը:

Նա խոսեց նաև այն մասին, որ մոտ ապագայում նրանց նախաձեռնությամբ կիրականացվի մի ծրագիր, որի շրջանակներում սկսնակ ձեռներեցները կայցելեն տարբեր երկրներ փորձի փոխանակման:

«Մենք հանդիսանում ենք «YES for Europe» միությունների կոնֆեդերացիայի անդամ, որը միավորում է եվրոպական 15 պետությունների, և այժմ բանակցություններ ենք վարում Հունգարիայի մեր գործընկերների հետ, որպեսզի մեր ստարտափերը կարողանան գնալ այնտեղ և վերապատրաստվել», – նշեց միության նախագահը:

***
«Հայաստանի երիտասարդ գործատուների միություն» ՀԿ-ն  ունի 4 տարվա պատմություն, որի անդամներն են երիտասարդ գործատուներն ու ձեռներեցները: Կազմակերպությունը ունի գործունեության 3 հիմնական ուղղություն, դրանք են` «Ես ցանկանում եմ դառնալ ձեռներեց»,  «Ստարտափներ» և «Կայացած գործարարաներ»: Առաջին խմբում հիմնականում ներգրավված են ուսանողները և այն երիտասարդները, որոնք նպատակ ունեն ձեռներեցությամբ զբաղվելու, երկրորդում ներգրավված են ստարտափեր, որոնք նորարար մոտեցում են ցուցաբերում ձեռներեցության ոլորտում, իսկ երրորդ խմբում ներգրավված են այն գործարարաները, որոնք առնվազն երեք տարի է, ինչ գործունեություն են ծավալում: Կազմակերպությունը, համագործակցելով իր գործընկերների հետ, փորձում է նաև օգնել այն ընկերություններին, որոնք ունեն ՏՏ կազմակերպությունների հետ համագործակցելու կամ ՏՏ մասնագետի կարիք:

Հղում՝ Համահայկական ֆորումում կքննարկվեն երիտասարդ գործարարներին հետաքրքրող խնդիրները

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »