ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 5 – Հայաստանի ԲՈՒՀ-երում ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստման հիմնական մեխանիզմները եւ դրանց խոչընդոտող հանգամանքները

Հայաստանի ԲՈՒՀ-երում ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստման հիմնական մեխանիզմները եւ դրանց խոչընդոտող հանգամանքները

     Այսօր Հայաստանում մի շարք ԲՈՒՀ-եր (ԵՊՀ, ՀՊՃՀ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, Ամերիկյան համալսարան, Եվրոպական ակադեմիա) պատրաստում են կադրեր ՏՀՏ ոլորտում աշխատելու համար, սակայն նրանցից շուրջ 20%-ն է, որ գտնում են աշխատանք իրենց մասնագիտությամբ ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո:
Այսօր Հայաստանում չկա տեխնոլոգիական, հետազոտական համալսարան, որը համապատասխանում է միջազգային ամենաբարձր ստանդարտների, որի շրջանավարտներն անմիջապես պահանջարկված կլինեն մասնավոր հատվածի կողմից, եւ այն դարձել է №1 հրամայական, որի առկայությունը կարող է նաեւ կրթական մրցակցային լուրջ առավելություն ապահովել մեր երկրի համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Այսօր նման համալսարանի ուսանողներ կարող են դառնալ հիմնականում ֆիզիկա-մաթեմատիկական թեքում ունեցող դպրոցների աշակերտները (Քվանտ վարժարան, ԵՊՀ ֆիզմաթ դպրոց, ՀՊՃՀ հենակետային վարժարան, Անանիա Շիրակացի ճեմարան, ԱՅԲ կրթահամալիր, Գյումրու Ֆոտոն վարժարան, Վանաձորի Էվրիկա վարժարանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր եւ այլն): Նշված դպրոցները բնագիտական առարկաների խորացված ուսուցման առումով էականորեն տարբերվելով մնացած հանրակրթական դպրոցներից, միունույն է չունեն հիմնարար, եւ գործնական ուղղվածության գիտելիքներ տալու հնարավորություն միկրոէլեկտրոնիկայի, ծրագրավորման, եւ հեռահաղորդակցության ասպարեզում (համապատասխան կրթական ծրագրերի եւ տեխնիկական բազայի բացակայության պարագայում) եւ պատահական չէ, որ այդ դպրոցների բավական տաղանդաշատ շրջանավարտներ դպրոցն ավարտելուց հետո ընտրում են ոչ բնագիտական մասնագիտություններ ԲՈՒՀ ընդունվելիս, որն անտրամաբանական է, եւ մեծ շռայլություն է ՏՏ ոլորտը գերակայություն հայտարարած երկրի համար, այն էլ այն դեպքում, որ պարբերաբար հայտարարվում է որակյալ կադրերի պահանջարկի մասին:
Ներկայումս Հայաստանում տեխնոլոգիական ուժեղ ավագ դպրոցի առկայությունը, որտեղ կարեւորագույն մասնագիտությունների (ծրագրավորում, միկրոէլեկտրոնիկա, հեռահաղորդակցություն, անվտանգության համակարգեր եւ այլն) դասավանդումը կսկսվի 8-րդ դասարանից, եւ որի շրջանավարտները կկազմեն վերը նշված տեխնոլոգիական, հետազոտական համալսարանի ուսանողները՝ №2 հրամայականն է:
Ավագ դպրոցի առումով մենք արդեն ունենք մեծ առաջընթաց, քանի որ այս տարի սեպտեմբերից հանրապետության 5 ավագ դպրոցներում իրականացվելու է պիլոտային ծրագիր, համաձայն որի միկոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցությունը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաները դառնալու են պարտադիր առարկաներ:
Ինչ վերաբերվում է տեխնոլոգիական համալսարանին, ապա դա հաջորդ լրջագույն քայլը կարող է լինել Հայաստանի ՏՀՏ ոլորտում բարձրակարգ ճարտարագետների պատրաստման համար, որոնք անմիջապես ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո պահանջարկված կլինեն առաջատար ՏՀՏ ընկերությունների կողմից:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »