Սիներջի ընկերությունը Գյումրիում մասնաճյուղ է հիմնել

Սիներջի ընկերությունը Գյումրիում մասնաճյուղ է հիմնել

syn10194Հոկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության Գյումրիի մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև հյուրեր ՏՏ համայնքից:

Սիներջիի բացումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Գյումրի ՏՏ ոլորտի զարգացման համար: Նախ և առաջ ընկերության մուտքը մեծ խթան կհանդիսանա հայաստանյան այլ ՏՏ ընկերությունների համար կատարել ներդրումներ՝ նպաստելով ամենահրապուրիչ ոլորտներից մեկի զարգացմանը ՀՀ շրջաններում: Բացի այդ Սիներջին Գյումրիում կներդնի իր տեխնո մշակույթն ու հաջողված փորձը մարզերի հետ աշխատելու հետ կապված. ընկերությունը 2012 թվականից գործում է նաև Ստեփանակերտում՝ ներկայումս ունենալով 30 աշխատակից։

syn1019 «Գյումրիի հետ կապված մենք հեռուն գնացող նպատակներ ունենք, - նշել է Սիներջի ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, - ինչպես ցույց տվեցին Արցախի մասնաճյուղի մեր հաջողությունները, այստեղ ևս փորձելու ենք մոտ ապագայում ընդլայնել մեր գործունեությունը, որն իհարկե կախված է Գյումրիում մեր աշխատանքների իրականացման հաջողությունից և տաղանդավոր երիտասարդների ներգրավումից։ Մենք լավատես ենք և կարծում ենք, որ դա անպայման տեղի կունենա։ Ավելին ասեմ, շատ հնարավոր է, որ չսահմանափակվենք Գյումրիով. մենք ունենք նաև Վանաձոր, որը ևս հետաքրքիր ներուժ ունի, քաղաքում գործում է տեխնոլոգիական կենտրոն և վերապարտասրվում են կադրեր:

Ներկայումս Սիներջիի Գյումրիի մասնաճյուղում աշխատում են տեխնոլոգիական կենտրոնի կողմից վերապատրաստված մասնագետներ, ովքեր սկսել են աշխատանքը՝ երկամսյա լրացուցիչ վերապատրաստում անցնելով նաև Սիներջի ընկերության երևանյան գրասենյակում։

‹‹Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից ստեղծված տեխնոլոգիական և ինովացիոն միջավայրը Գյումրին դարձնում է գրավիչ ոչ միայն տեղական, այլև միջազգային կազմակերպությունների համար: Կենտրոնն էական նշանակություն ունի գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը››,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը և շուկայի պահանջներին համապատասխան կադրերի վերապատրաստմանը, տեխնոլոգիական նոր ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

Հղում՝ Սիներջի  ընկերության Գյումրիի մասնաճյուղի բացման արարողություն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »