Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՏՏԶԱ Խորհրդի 42-րդ նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: 

itdsc.7

Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ և դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 

  • itdsc.1
  • itdsc.2
  • itdsc.3
  • itdsc.4
  • itdsc.5
  • itdsc.6

Այնուհետև խորհուրդը քննարկել է ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում «Ֆիզիկա» առարկան պարտադիր դարձնելու առաջարկը: Նշվել է, որ ՀՀ հանրակրթական համակարգը հիմնականում կարողանում է ֆիզիկայից ապահովել շրջանավարտների այնպիսի կրթական մակարդակ, որն անհրաժեշտ է ՀՀ և արտասահմանյան բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում ֆիզիկայի և դրա հետ կապված ուսուցումն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար: Միաժամանակ, որպես փաստակ նշվել է, որ ՏՏ, հեռահաղորդակցական և ճարտարագիտական ոլորտների մասնագետների ապագա գործնական հմտությունների և կարողությունների մակարդակը կախված է նաև «Ֆիզիկա» առարկայի նրանց իմացության մակարդակից: Առաջարկության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հիմնավորումներ և դիտարկումներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2017-2018 թվականների տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնել ներկայացված առաջարկությունը: 
Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդն անդրադարձել է տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ-ում կիրառել միջազգային փորձը և լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը, նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առևտրայնացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի նորարար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների աճ, կխրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունն ու զարգացումը: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել հարցը և դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման հնարավորության ուղղությամբ ներկայացնել առաջարկություն: 
Քննարկվել են նաև ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում. առաջիկայում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հստակ կնախատեսվեն ընկերությունների վերագրանցումների, բաժանումների և միաձուլումների համար նախատեսվող քայլերը, որպեսզի պատկան մարմինը հնարավորություն չունենա դրսևորել հայեցողական լիազորություն:
Այնուհետև խորհուրդն անդրադարձ է կատարել խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության կարգին և տեխնիկական այլ հարցերի: 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »