Տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորումը` համագործակցության հիմքում

Տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորումը` համագործակցության հիմքում

8a434438f657273324727b6985a66b1bՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, կարևորելով տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն  բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և միության նախագահ Արմեն Բալդրյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին՝ համատեղ գործունեության համար:

«Այս հուշագիրն ամրագրում է այն մեծ աշխատանքը, որ տարիներ շարունակ համատեղ իրականացրել ենք: Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր նվիրված են Հայաստանում կրթական և գիտական մտքի զարգացման գործին և սերտորեն համագործակցում են կրթական բոլոր հաստատությունների հետ: Առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորման և կրթական ձևաչափերի ներդրման ուղղություններով: Սա երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ կարողացել ենք մասնագիտությունները հստակեցնել՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Իհարկե, առաջիկայում կմշակվի համալիր ծրագիր՝ բնական գիտությունների և ինֆորմատիկայի  ուղությամբ, հատկապես հանրակրթության մեջ: Հույս ունենք, որ այս համագործակցությունը, որն ուղղված է երկրում հենքային ամուր կրթական բազայի ձևավորմանը, կշարունակվի»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը: «Այսօր մենք պարտավոր ենք ցանցային համալսարանների հնարավորությունն  օգտագործելով՝  ձևավորել առնվազն երկու խոշոր կլաստեր՝ մեկը ինժեներատեխնիկական, մյուսը՝ բնագիտական: Այս համատեքստում հնարավոր է համագործակցությունը հարևան  Վրաստանի հետ, որովհետև մեր երկու երկրներն էլ նույն կրթական գործընթացի մեջ են և ունեն  նույն խնդիրները՝ սկսած մասնագիտությունների նկարագրումից մինչև գիտության արմատական բարեփոխումներ: Հատկապես գիտության մեջ կարևոր է տարածքի մեծացման ձևաչափը. հետևաբար, եթե մեր երկու երկրներն էլ հանդիսանում են «Հորիզոն 2020»-ի անդամ, ապա ունեն շատ լավ հնարավորություն՝  միասին այդ մեծ դուռը բացելու: «Հորիզոն 2020»-ի պայմաններն այնքան բարձր են, որ եթե ցանկանում ենք լավ արդյունք արձանագրել,  ապա մեկ երկրի ներուժով այն հնարավոր չէ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստվել և համատեղ ծրագրեր իրականացնել՝ այս ուղղությամբ ճեղքում անելու և մեր շուրջը գործընկերներին կենտրոնացնելու համար»-,-նշել է նախարարը:

Իր հերթին Ա. Բալդրյանը նշել է, որ միությունը կարևորում է կրթական բարեփոխումների իրականացումը, հատկապես, տեխնոլոգիական  կրթության զարգացման տեսակետից: «Հայաստանը, լինելով և կերտելով գիտելիքահենք տնտեսություն, չի կարող շրջանցել կրթական բարեփոխումների ծրագրերը:  Մենք կողմ ենք ֆունդամենտալ, բարձրակարգ կրթությանը, և մեր բոլոր քայլերը ուղղած են լինելու դրան: Վստահ եմ, որ այդ քայլերը ժամանակի ընթացքում կբերեն շատ մեծ փոփոխությունների նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում, քանի որ գործատուների համար ամենակարևորը գիտակ, պրոֆեսիոնալ կադրերն են»,-նշել է բանախոսը:

Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ՝ ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը՝ միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով։ Կողմերը պարտավորվել են  աջակցել միմյանց համատեղ ծրագրերի իրականացման հարցում, նպաստել ՏՀՏ ոլորտում ուսումնական հաստատություն-գործատու կապի և համագործակցության ամրապնդմանը: Ըստ հուշագրի` ՀՀ կրթության և գիտության  նախարարությունն իր իրավասությունների շրջանակում և հնարավորությունների սահմաններում կաջակցի ՏՀՏ-կրթություն ամենամյա միջազգային կոնֆերանսի կազմակերպմանն ու անցկացմանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնություններին և ծրագրերին:

ՏՀՏ գործատուների միությունն իր փորձագիտական ներուժով կմասնակցի ՀՀ հանրակրթական և մասնագիտական  ուսումնական հաստատություններում ՏՀՏ մասնագիտություններով կրթական ծրագրերի մշակմանն ու բարելավմանը, ՀՀ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստմանը և այլն:

Հղում՝ Փոխըմբռնման հուշագիր

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »