Տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնում

ՀԱՐՑ 3

 

Մանուկ Հերգնյան

«Գրանատուս Վենչուրս» ընկերության կառավարող գործընկեր

 

Տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնում 

 

Իրավիճակը

Հայաստանում ՏՏ և հարակից ոլորտները թևակոխել են զարգացման նոր փուլ, երբ արագորեն ստեղծվում և զարգանում են տեղական սկսնակ տեխոնոլոգիական ընկերություններ, որոնք ստեղծում և շուկայահանում են սեփական ապրանքներ և ծառայություններ։ Մյուս կողմից, զարգացման բարձր տեմպերը տեսանելի դարձրեցին առկա բացերը ձևավորվող տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգում։ Մասնավորապես, դա վերաբերում է վաղ շրջանի ռիսկային ֆինանսավորմանը։ Հայաստանում արդեն իսկ ստեղծվել և գործում են վերջինիս կարևոր ենթահամակարգերը, սակայն հաջորդ մակարդակի անցումը ենթադրում է առավել մասշտաբային ներգործություն և նոր գործիքների կիրառում։

ITDSC42.3

Պատկեր 1. Ստարտափների վաղ շրջանի ֆինանսավորման փուլերը` գաղափարից դեպի նախնական ապրանք/ ծառայություն

Մասնավորապես, Փուլ 1-ի տեսանկյունից կարևոր դերակատարում ունեն ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպվող ինովացիոն դրամաշնորհային մրցույթները, որոնք հիմնականում ունեն գիտահետազոտական բնույթ և սահմանափակ միջոցներ։Նկարագրված փուլերի ֆինանսավորման տեսակներից Հայաստանում արդեն իսկ ձևավորվել է որոշակի ինստիտուցիոնալ փորձ, ընդ որում գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման համախումբը փոքրածավալ է, իսկ 3-րդ փուլի ֆինանսավորման ինստիտուտը ամենաթերզարգացածն է։

Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող Համաֆինանսավորման դրամաշնորհները (Փուլ 2) կարևոր դեր են խաղացել ստարտափների ֆինանսավորման հարցում` աջակցելով տեղական թիմերին գաղափարից պատրաստի ապրանքին / ծառայությանն հասնելու ճանապարհին։ 2014-2015թթ. ընթացքում ծրագրի շրջանակներում տրամադրվել են 33 դրամաշնորհ, որոնցից 17-ը բաշխվել են Երևանում, 12-ը Գյումրիում և 4-ը Վանաձորում։ Այս փորձի հիման վրա՝ 2016թ. համաֆինանսավորման դրամաշնորհների նույն մեխանիզմով նախատեսվում է տրամադրել նոր դրամաշնորհներ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Գերմանական զարգացման գործակալության (GIZ) իրականացվող ծրագրի շրջանակներում։

Հայաստանում գործող առաջին և դեռևս միակ «Գրանատուս Վենչուրս» վենչուրային հիմնադրամը արդեն իսկ ֆինանսավորել է ՏՏ և ինժեներական լուծումներ տրամադրող ութ ընկերություն։ Կան նաև արտասահմանյան վենչուրային ֆինանսավորման ստացման նախադեպեր։ Սակայն ներդրումային նախագծերի ավելի մեծ հոսքին խոչընդոտում են ֆինանսավորման նախորդ փուլերի փոքր մասշտաբները և բազմազանության բացակայությունը և առավելապես՝ 3-րդ փուլի ֆինանսավորման սահմանափակությունը։

Հայաստանում գրեթե բացակայում է գաղափարներ հաստատման փուլի ֆինասնավորման բաղադրիչը։ Անհատ տեխնոլոգիական ներդրողների (angel investors) ինստիտուտը սաղմնային վիճակում են։  Բացակայում են նաև ավելի առաջացած փուլերում գտնվող, սակայն դեռևս կոմերցիալիզացիայի չհասած տեխնոլոգիաների համար խոշոր դրամաշնորհների տրամադրման մեխանիզմները։ Այդ դասին են վերաբերվում հիմնականում ռոյալթիների միջոցով վերադարձվող դրամաշնորհները։ Շատ երկրներում նման ֆինանսավորման մեխանիզմները էական ներդրում են ունեցել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար (օրինակ՝ Իսրայել)։

Միջազգային փորձ

Իսրայել

Իսրայելի Արդյունաբերության, առևտրի և աշխատանքի նախարարության կազմում գտնվող Գլխավոր ճարտարագետի գրասենյակի (Office of Chief Scientist - OCS) ստորաբաժանման կողմից համակարգվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր և ինկուբատորներ, որոնց գործունեությունն ուղղված է հետազոտությունների և մշակումների խթանմանը։ Դրամաշնորհները ծածկում են հաստատված ծրագրերի 50-85%: OCS-ի ցանկացած ծրագրերի ներքո տրամադրված միջոցների արդյունքում հասույթ ունեցող ընկերությունները վճարում են ռոյալթիներ (3-5% տարեկան վաճառքներից)։

Սերբիա

Հասույթի ձևավորման պարագայում, հայցողը պարտավորվում է վճարել ռոյալթիներ մինչև 120% ընդհանուր ստացված ֆինանսավորման գումարից։ Ռոյալթի վճարումներն իրականացվում են ծրագրի արդյունքում մշակված ապրանքի / ծառայության վաճառքներից ստացված հասույթից 5% չափով կամ տեխնոլոգիային լիցենզավորման դիմաց գանձվող գումարների 15%։

Ֆինլանդիա

Ֆիննական տեխնոլոգիաների և նորարարությունների գործակալությունը՝ TEKES-ը, նախնական պլանավորման և մշակման համար տրամադրում է նախատեսված ծախսերի միչև 75% գումարի չափով դրամաշնորհը առավելագույնը 50,000 եվրո գումարով։ Մյուս ձևաչափը կիրառվում է հետազոտության, մշակման փուլում գտնվող և պիլոտային ծրագրերի համար` 50-70% գումարի չափով։ Հաջողության հասնելու դեպքում ընկերությունը վերադարձնում է գումարը։ Եթե ծրագիրը հաջողակ չէ, պարտքը վերադարձվում է միայն Եվրոհանձնաժողովի կողմից հաստատված կարգերով նախատեսված չափով։

Առաջարկությունը

Հաշվի առնելով Հայաստանում նորարար ձեռներեցության էկոհամակարգի զարգացման համար խթանող գործիքների ընդլայնման անհրաժեշտությունը` առաջարկում ենք կիրառել միջազգային փորձը Հայաստանում և լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը։ Առաջարկվում է նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեւություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առևտրայնացման նպաստելը։ Թիրախը կլինեն այնպիսի ընկերություններ, որոնք ստեղծում են նորարար լուծումներ և տեխնոլոգիաներ և դրամաշնորհի աջակցությամբ կարող են հասնել այնպիսի մակարդակի, երբ ավելի իրատեսական կլինի կամ արտաքին (վենչուրային) ֆինանսավորում ստանալը  կամ վաճառքներից ստացվող միջոցների հաշվին զարգացումը։ Դրամաշնորհները կլինեն վերադարձելի, այսինքն, եթե ծրագիրը հաջողվում է և դրա հետևանքով գեներացվում են եկամուտներ, ապա վճարվում է տարեկան ռոյալթի վճար որպես հասույթից տոկոս՝ մինչև դրամաշնորհի ամբողջական գումարի վերադարձը։ Դրամաշնորհները տրամադրվելու են համաֆինանսավորման սկզբունքով։ Ծրագրի հիմնական պարամետրերը կարող են լինել հետևյալը`

  • Դրամաշնորհի գումար՝ 50,000 մինչև 150,000 ԱՄՆ դոլար
  • Համաֆինանսավորման չափաբաժին՝ մինչև 80%
  • Ֆինանսավորվող գործունեություն՝ հետազոտություններ և մշակումներ
  • Ռոյալթի վճարներ՝ 3-5% տարեկան հասույթից

Ելնելով էկոհամակարգի ներկայիս իրավիճակից՝ ծրագիրը կարող է թիրախավորել ընդհանուր թվով մոտավորապես 20-25 ընկերությունների ֆինանսավորում։

Ծրագրի ակնկալվող արդյունքները՝

  • Նորարար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների քանակի աճ
  • Երկրում տեխնոլոգիաների առևտրայնացման կոմպետենցիաների զարգացում
  • Տեխնոլոգիական ձեռներեցության խրախուսում և զարգացում

Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման, մասնավորապես Ստարտափների վաղ շրջանի, այդ թվում հատկապես գաղափարների հաստատման փուլի ֆինասնավորման բաղադրիչը դեռևս գտնվում է սաղմնային վիճակում, ինչը էապես խոչընդոտում է տեխնոլոգիական ձեռներեցության հետագա զարգացմանը: Հետևաբար առաջանում է այս բաղադրիչի ֆինանսավորման համար միջոցների հայթաթման խիստ անհրաժեշտություն:

Ուսամնասիրելով տարբեր երկրների փորձը, կարծում ենք, որ սույն բաղադրիչի ֆինանսավորման գաղափարը տեղավորվում է Համաշխարհային բանկի ծրագրային ուղղությունների մեջ և կարող է ֆինանսավորվել վերջինիս կողմից: Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ևս հնարավորության դեպքում կարող է դառնալ սույն բաղադրիչի ֆիանանսավորման աղբյուրներից մեկը:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »