Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի մասին

ՀԱՐՑ 5գ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր ձևաչափի մասին

 

2001թ-ից ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը /ՏՏԶԱԽ/, որի հիմնական նպատակներն են աջակցել մտավոր արտադրության գլոբալ տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ներգրավմանը, տնտեսական առաջընթաց և բարեկեցության աճ ապահովող  տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր և կենսունակ ոլորտի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում բարձր զարգացած տեղեկատվական հասարակության ձևավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար վարչարարության պարզեցմանն ու իրավական դաշտի բարելավմանը և այլն:

Վերջին տարիների ընթացքում տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը, տարբեր ոլորտների մեջ վերջիններիս ներթափանցումն ու շուկայական հարաբերությունների փոփոխությունները ներկայումս նոր մարտահրավերներ են առաջ քաշում, որոնք պահանջում են համակարգված և երկարաժամկետ պլանավորված ռազմավարական մոտեցում: Այդ իսկ պատճառով ներկայումս անհրաժեշտություն է առաջանում ՏՏԶԱ խորհուրդը տեխնոլոգիական ոլորտի բիզնես խնդիրների լուծման հարթակից վերածել տարբեր ոլորտների ռազմավարությունների համադրման հարթակի:

Նման մոտեցումը մի կողմից հնարավորություն կտա վերացնել բազմաթիվ մանր խոչընդոտները, որոնք, ռազմավարությունների տարբերությամբ պայմանավորված, առաջանում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ առընչվող պետական մարմինների, հասարակական և բիզնես միավորումների ու կրթական հաստատությունների միջև, իսկ մյուս կողմից թույլ կտա Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ընդգրկել Հայաստանի ընդհանուր զարգացման ռազմավարության մեջ:

ՏՏԶԱ խորհրդի նոր ձևաչափին անցնելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել գործողությունների ծրագիր, որտեղ.

ա․ առանձին նախարարությունները, գերատեսչությունները, ուժային կառույցները, ՀՀ գիտությունների ակադեմիան, համալսարանները, ՏՏ ոլորտի բիզնես միությունները (ասոցիացիաները), կոնսորցիումները, ՏՏ ոլորտի արհմիությունները 2 ամսվա ընթացքում ՏՏԶԱ խորհուրդ կներկայացնեն իրենց կարճաժամկետ ռազմավարությունը նախատեսված 2 տարվա համար, իսկ 6 ամսվա ընթացքում ներկայացնում են երկարաժամկետ ռազմավարությունը՝ 5 տարվա համար: Ներկայացվող ռազմավարությունները նախապես համադրվում և քննարկվում են ՏՏԶԱԽ համապատասխան աշխատանքային խմբերում, որտեղ ապահովվում է վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցչությունը:

բ․ Աշխատանքային խմբերում ռազմավարությունների համադրման արդյունքում բարձրացված այն խնդիրները, որոնց լուծման շուրջ առկա է համաձայնություն ներկայացվում են ՀՀ Կառավարության հաստատմանը, ապահովելով նրանց համաձայնեցման գործընթացը, իսկ այն խնդիրները, որոնց վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել կամ պահանջվում է ՀՀ Վարչապետի անմիջական միջամտության ու հանձնարարականի  կարիքը՝ ներկայացվում են հրավիրվող ՏՏԶԱԽ նիստում:

գ․ հանձնարարվում է ՏՏԶԱԽ քարտուղարությանը 3 ամսյա ժամկետում մշակել ՏՏԶԱԽ նոր ձևաչափի աշխատանքային ընթացակարգերը, անհրաժեշտ իրավական ակտերի փոփոխության նախագծերը (կանոնադրության փոփոխության, աշխատանքային խմբերի աշխատանքների կազմակերպման ընթացակարգեր և այլն):

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »