ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

  1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ` էլեկտրոնային, օպտիկական կամ այլ սկզբունքների վրա հիմնված տվյալների և (կամ) հրահանգների մշակման և փոխանցման միջոցներ, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները:»,

  1. 2-րդ կետում՝
  • բ. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. խորհրդատվական գործունեություն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, որը ներառում է տեղեկատվական տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման մշակումը և նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները,»,

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր է. և ը. ենթակետեր.

«է. տպասալերի /միկորսխեմաների/, ներառյալ նրանց տոպոլոգիաների մշակման մաթեմատիկական և ծրագրային միջոցների ստեղծում, սպասարկում (այդ թվում կատարելագործում) և արտադրություն,

ը. համակարգչային գրաֆիկա, հատուկ էֆեկտների ստացում, մուլտիպլիկացիա:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը՝

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով՝

«1.1. Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները՝

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցություններից,

2) անհատ ձեռնարկատերերը:»,

  1. Օրենքի 8-րդ հոդվածի՝
  • 2-րդ մասի 1)-ին կետում «վերակազմակերպման» բառից հետո լրացնել «կամ լուծարման» բառերը,
  • 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3)-րդ կետով՝

«Հիմնադիրներից որևէ մեկը չի հանդիսանում սնանկության ընթացքում գտնվող այլ տնտեսվարող սուբյեկտի մասնակից:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի`

  1. 1-ին մասում «5» թիվը փոխարինել «7» թվով,
  2. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1)-րդ կետով՝

«3.1) Հարկային և մաքսային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը.»,

  1. 1-ին մասի 4)-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «ավարտից առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «մինչև դեկտեմբերի 1-ը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1. մասով՝

«1.1. Հավաստագրի տրամադրման դիմումի մերժման հիմք չի կարող լինել՝

1) հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտի հիմնադրի այլ տնտեսվարող սուբյեկտի հիմնադիր հանդիսանալը կամ այլ ընկերության աշխատող հանդիսանալը,

2) հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտի մոտ կամ այլ ընկերությունում համատեղությամբ աշխատող հանդիսանալը:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով՝

«2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում, հավաստագրված անձինք, պարտավոր են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումը ստանալու պահից 15-օրյա ընթացքում, իսկ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված դեպքում, հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ:»:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի «մինչև 2020 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «անժամկետ» բառով:

Հոդված 10. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենքով սահմանված կարգով տրամադրված հավաստագրերի ժամկետները գործում են անժամկետ, հավաստագրերը ենթակա են փոխանակման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը, խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը: Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում ստեղծվել են ոլորտի 116 սկսնակ տնտեսավարող սուբյեկտներ և 505 նոր աշխատատեղեր: Նշված տնտեսավարող սուբյեկտներից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր /461 նոր աշխատատեղեր/:

Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ 2014 թվականի ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծված ընկերությունների քանակը կազմել է 16 ընկերություն:

Միաժամանակ, հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացված կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված հավաստագրված տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքների վերլուծության և գնահատման արդյունքում ևս նկատվել է ոլորտի դրական աճ:

Սակայն Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ Օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեությունն ավելի բարելավելու նպատակով: Մասնավորապես՝ Օրենքի կիրառման ընթացքում պարզվեց, որ Օրենքը կոչվելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» փաստորեն ընդգրկում է միայն համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպություններին, իսկ տեղեկատվական տեխնիկական միջոցների մշակմամբ և նախագծմամբ /օրինակ՝ տպասալերի նախագծում, էլեկտրոնային համակարգերի և սարքավորումների նախագծում և այլն/, դրանցից օգտվողների ուսուցման, ընթացիկ սպասարկման /օրինակ՝ տեղադրված համակարգի ամսական կամ տարեկան սպասարկում/ հետ կապված ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտները դուրս են մնացել՝ չնայած, որ վերջիններիս գործունեությունը նույնպես հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բաղկացուցիչ մասը:

Միաժամանակ անիմացիան, եռաչափ մոդելավորումն այսօր արագ զարգացող և մեծ պահանջարկ ունեցող ուղղություն է աշխարհում և այդ տեսանկյունից կարևոր է խթանել նաև այս ուղղության զարգացումը Հայաստանում, ինչը դուրս է մնում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանաված գործունեության տեսակների շրջանակից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մուլտիպլիկացիան, հատուկ էֆեկտների ստացումը, համակարգչային գրաֆիկան կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով և հանդիսանում են դրա բաղկացուցիչ մասը, սակայն հարկային արտոնություններ գործունեության այս տեսակին չեն տրամադրվում, ուստի միաժամանակ գործունեության այս տեսակով զբաղվող շատ տնտեսավարող սուբյեկտներ չեն կարող դիմել և օգտվել Օրենքով սահմանված հարկային արտոնություններից, քանի որ Օրենքով սահմանված գործունեության տեսակներով չզբաղվելու դեպքում դա կդիտվի Օրենքի պահանջների խախտում: Այս տեսանկյունից նախագծով առաջարկվում է հարկային արտոնություններից օգտվելու գործունեության տեսակների մեջ ներառել նաև նշված գործունեության տեսակները, ինչը կնպաստի նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծմանը, կակտիվացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Օրենքի կիրառության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, բացառելով ոչ առևտրային կազմակերպությունները և տնտեսական ընկերակցությունները, որոնց համար օրենսդրությամբ սահմանված գործունեության նպատակները և մասնակիցների շրջանակը չեն բխում Օրենքով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման նպատակներից:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով Օրենքով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը և կարևորելով Օրենքի արդյունավետ կիրառման ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաև տնտեսական զարգացման ապահովումը` անհրաժեշտ ենք համարում ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվել է սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանափակել հավաստագրման համար դիմելու այն տնտեսվարող սուբյեկտների իրավունքը, որոնց հիմնադիրներից որևէ մեկը հանդիսանում է սնանկության ընթացքում գտնվող այլ ընկերության մասնակից:

Նախագծով նաև սահմանվել են հավաստագրի տրամադրման մերժման հիմք չհանդիսացող դեպքերը, որոնց բացակայությունը Օրենքի կիրառման ընթացքում տարբեր մեկնաբանությունների և մոտեցումների տեղիք են տվել, մասնավորապես, նույն ֆիզիկական անձը, միաժամանակ հանդիսանալով այլ ընկերության տնօրեն, բաժնետեր, ընկերության հաստիքային հաստիքացուցակում ներգրավված և լրիվ աշխատանքային ժամանակով աշխատող աշխատակից, իր մասնակցությամբ կարող է կանխորոշել մյուս ընկերության որոշումները, այսինքն, փաստացի առկա է ընկերության կանոնադրական կապիտալում այլ տնտեսավարող սուբյեկտի անուղղակի մասնակցություն և միևնույն անձի միջոցով ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն, ինչը մեկնաբանվել է, որ բնորոշ է դուստր ընկերություններին և հակասում է Օրենքի պահանջներին: Այդ նպատակով նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ վերոնշյալ հանգամանքը հավաստագրի տրամադրման մերժման հիմք չդիտելու համար:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է Օրենքի գործողության ժամկետը սահմանել անժամկետ, ինչը շարունակական խթան կհանդիսանա նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծման, ոլորտի զարգացման համար, ինչն էլ իր հերթին կբերի ընդհանուր տնտեսության զարգացմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարությանը աջակցող ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակը:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել և օգտվել Օրենքով սահմանված հարկային արտոնություններից` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը և տարածաշրջանում մրցունակության բարձրացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                              ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Համապատասխանում է:
3. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                            ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                     ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ

ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցություն չի եղել:

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                    ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՀ ՕՐԵՆՔ 
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »