ՏՏԶԱԽ 41 – ՀԱՐՑ 8 – Կրկնակի հարկման հետ կապված խնդիրներ

Կրկնակի հարկման հետ կապված խնդիրներ

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական և ինժեներական զարգացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ Հայկական ընկերություններն արդեն իրենց ուրույն շուկան և ճանաչումն են ձեռք բերում միջազգային տեխնոլոգիական և ինժեներական շուկայում, ինչն իր հերթին բերում է տեղական ու օտարերկրյա ընկերությունների միջև համագործակցության զարգացմանն ու համատեղ մի շարք ծրագրերի իրականացմանը: Սակայն ներկայումս համագործակցության զարգացման հետ մեկտեղ առաջ են եկել մի շարք խնդիրներ կապված կրկնակի հարկման հետ` որոշ երկրների հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի բացակայության, կամ դրանց չկիրառության հետևանքով:
Մասնավորապես՝ ԱՄՆ, Ճապոնիա և մի շարք Եվրոպական երկրների հետ Հայաստանը չունի կրկնակի հարկումը բացառող կնքված համաձայնագրեր: Ընդ որում այս երկրների կազմակերպությունների հետ հայաստանայն ընկերություններն ունեն ամենաշատ համագործակցության ծրագրերն ու համատեղ նախագծերը /օրինակ՝ հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանման շուկայի շուրջ 59 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին/: Միևնույն ժամանակ նշված երկրների հետ Խորհրդային շրջանում եղել են նման համաձայնագրեր կնքված ԽՍՀՄ-ի հետ ու որոշ երկրներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը հիմք են ընդունում այդ համաձայնագրերը: Վերջինիս օրինակն է ՀՀ Հարկային ծառայության վեբ կայքում տեղադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ԽՍՀՄ-ի կնքված համաձայնագիրը, որն առ այսօր գործում է: Սակայն նույն վեբ կայքում առկա չէ Ճապոնիայի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, փոխարենը՝ այդ երկրի հարկային ծառայության վեբ կայքում նշված է, որ Հայաստանի հետ իրենց պետությունը կրկնակի հարկում չի ենթադրում http://www.jetro.go.jp/en/invest/setting_up/laws/section3/page5.html/:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ՏՀՏ ոլորտը արագ աճ է ապահովում և տեղական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պատրաստ են նոր շուկաներ մտնելու և իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում նոր երկրների հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր կնքել։
Առաջարկություն
Գերմանիայի Դաշնային հանրապետության օրինակով ՀՀ հարկային ծառայության վեբ կայքում տեղադրել ԽՍՀՄ և ԱՄՆ, ԽՍՀՄ և Ճապոնիա և այլն, միջև կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր, որպեսզի չխաթարվի արդեն իսկ գործող և նոր սկսվող համագործակցությունն նշված և այլ երկրների հետ: Միևնույն ժամանակ՝ հանձանարարել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը միջոցներ ձեռնարկել նշված երկրների և Հայաստանի Հանրապետության, որպես անկախ և ինքնիշխան պետության հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր կնքելու ուղղությամբ:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »