ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրների և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 201.1 հոդվածի փոփոխության վերաբերյալ

ՀԱՐՑ 1

 

ՏՀՏ Ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրների և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 201.1 հոդվածի փոփոխության վերաբերյալ

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության անդամ ընկերությունների կողմից բազմիցս բարձրացվել է նորավարտ մասնագետների փորձի և մասնագիտական հմտությունների ժամանակակից պահանջներին չբավարարելու հարցը:

Բանն այն է, որ այսօր ոլորտը զարգանում է արագ տեմպերով, իսկ կրթական համակարգը և ծրագրերը չեն փոխվում կամ շատ դանդաղ են արձագանքում այդ պահանջներին: Արդյունքում  այսօր ունենք դիպլոմներով, բայց աշխատանքային հմտություններ չունեցող մասնագետներ:

Առաջացած խնդիրը լուծելու նպատակով ԻՏՁՄ բազմիցս դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչպես նաև բարձրացրել է հարցը Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցող խորհրդի նիստում: Արդյունքում՝ 2015թ-ի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել ՀՀ ԱՕ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի 201.1 հոդվածի համաձայն՝

«Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչեւ վեց ամիս տեւողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով»:

Վերլուծելով փոփոխության ենթարկված հոդվածը՝ հանգում ենք այն եզրակացության, որ կատարված փոփոխությունը չի լուծում առկա խնդիրը հետևյալ պատճառաբանությամբ.՝

1.Կատարված փոփոխությունն ենթադրում է, որ գործատուն պարտավորվում է վճարել կրթաթոշակ՝ օրենքով սահմանված, նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Ներկայիս գործող օրենքում գործնականում պահպանվել է գործատուի կողմից նվազագույն աշխատավարձ վճարելու պարտականությունը: Օրենքում օգտագործված «կրթաթոշակ» եզրույթը, ըստ էության, չի լուծում առկա խնդիրը, այն միայն թույլ է տալիս ուսնակին չհամարել աշխատող, իսկ որպես կրթաթոշակ այս դեպքում չեն գանձվում գործատուի հարկերը: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր ընկերությունների կողմից նորավարտ մասնագետների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, որտեղ վերջիններս ստանում են ոչ միայն ժամանակակից և ներկայիս աշխատանքային շուկային համապատասխանող տեսական գիտելիքներ, այլև մասնակից են դառնում բուն արտադրական գործընթացին, սովորում են կիրառել տարբեր գործիքներ, ծրագրեր, տեխնոլոգիաներ արտադրանքի ստեղծման տարբեր փուլերում, լուծում են գործատուի կողմից ներկայացված բազմաբնույթ կիրառական տեխնոլոգիական խնդիրներ:

Այսպիսի վերապատրաստում անցնում են այն նորավարտ մասնագետները, ովքեր սեփական նախաձեռնությամբ որոշել են անցնել հատուկ վերապատրաստում և պրակտիկա տեխնոլոգիական ընկերությունում:

Ինչպես տեսնում ենք ուսնակները ՏՀՏ ոլորտի ընկերությունում ստանում են թե տեսական և թե գործնական ժամանակակից գիտելիքներ և իրենց սովորելու ընթացքում հավելյալ արժեք գործատուի համար գրեթե չեն ստեղծում, իսկ նրանց կողմից իրականացվող աշխատանքը դառնում է տեսական գիտելիքը գործնական հմտություններով ամրապնդելու և որակյալ մասնագետ դառնալու հնարավորություն: Գործատուն իր հերթին, ապագայում որակյալ մասնագետ ունենալու նպատակով, տրամադրում է իր մասնագետին, որն իր անմիջական աշխատանքին զուգահեռ զբաղվում է տվյալ ուսնակին տեսական գիտելիք և գործնական հմտություններ սովորեցնելով, հնարավորություն է տալիս ուսնակին օգտվել հիմնարկի տեխնիկական միջոցներից և ժամանակակից ենթակառուցավծքից: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակը և սահմանված նվազագույն աշխատավարձի գոյացումը հիմնավորված չէ, քանի որ աշխատավարձը կարող է գոյանալ աշխատողի կողմից տվյալ հիմնարկում ստեղծված հավելյալ արժեքից:

2.Գործող օրենքում նվազագույն աշխատավարձ կամ դրան հավասարեցված կրթաթոշակ վճարելու գործատուի պարտականությունը լուրջ խոչընդոտ է, քանի որ գործատուին հնարավորություն չի տալիս ուսուցման ընդունել մեծ քանակով ուսնակների /ներկայումս գործատուն վերապատրաստում է մի քանի ուսնակ, այնինչ՝ նշված խոչընդոտի վերացման պարագայում կարող է վերապատրաստել 20, 30 և ավել ուսնակների՝ դրանով իսկ ապահովելով լրացուցիչ աշխատուժ շուկայում/:

3.Ինչպես գիտեք համալսարաններում բավարար առաջադիմություն չցուցաբերող ուսանողներին կրթաթոշակ չի վճարվում, ուստի գործատուին, որն ըստ էության վերացնում է համալսարանական խոտանը, օրենքով կրթաթոշակ վճարել պարտավորեցնելը խախտում է հավասարության և մրցունակության սկզբունքը:

Խնդրի լուծման առաջարկություն

Վերը նշված խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է ընկերություններում իրականացվող կրթական գործընթացները /վարժանքները/ ճանաչել, որպես կրթական ծրագիր և հնարավորություն տալ վերջիններիս նախապես հայտարարել իր այդ ծրագրերի մասին, որոնց մեջ կարող են ներառվել ուսուցանվող նյութերի մասին տեղեկություններ, որոնց մինչև 50 տոկոսը կարող են լինել գործնական պարապմունքներ: Ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 6 ամսյա ժամկետը: Ընդ որում` վարժանքները կարող են իրականացվել թե՛ վճարովի և թե անվճար հիմունքներով՝ ընկերության և ուսնակի միջև կնքվող պայմանագրի պայմաններին համաձայն:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք ՀՀ ԱՕ 201.1 հոդվածը վերախմբագրել հետևյալ տեսքով՝

«Գործատուն վճարի դիմաց, կամ իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ, եթե վերջինս նախապես՝ առնվազն 15 օր առաջ, հրապարակել է իր կողմից իրականացվող կրթական ծրագիրը, որի ավարտից հետո գործատուն կամ կնքում է աշխատանքային պայմանագիր և/կամ տրամադրում է տեղեկանք տվյալ անձի կողմից ստացած մասնագիտական հմտությունների վերաբերյալ

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »