Ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրների մասին

ՀԱՐՑ 4

Ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրների մասին 

Ինչպես գիտեք ներկայումս Հայաստանում բիզնեսի հմնադրման գործընթացը զարգացնելու, նրան նոր թափ հաղորդելու նպատակով իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս հաշված րոպեների ընթացքում, այդ թվում նաև էլեկտրոնային կարգով գրանցել ՍՊԸ և ԱՁ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերի առկայությունն ավելի է հեշտացրել տնտեսվարողների գործը:

Սակայն վերջին շրջանում տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ պարբերաբար դիմում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վերագրանցման խնդիրների կապակցությամբ:

Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ անհրաժեշտ է իրականացնել հիմնարկի վերագրանցում, վերակազմակերպում /միացում, միաձուլում, անջատում/, կամ օրինակ՝ Հիմնադրամի կամ այլ կազմակերպչաիրավական ձևի իրավաբանական անձի գրանցում:

Մեր գործնական շփումները ցույց են տվել հետևյալ առանձնացված խնդիրներ և մտահոգությունները, որոնք առաջացնում են որոշ բարդություններ ընկերությունների վերակազմակերպման գործընթացում:

  • Բաժանիչ հաշվեկշռում գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխումը. Ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առանձնացման դեպքում բաժանիչ հաշվեկշռում պետք է արձանագրվի գույքի և պարտավորությունների համամասնորեն բաշխում:  Այս իրավանորմը բավականաչափ հստակ չէ, և տարընթերցման տեղ է տալիս:
  • Ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը. Ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` առանձնացման դեպքում ժողովի արձանագրության մեջ պետք է սահմանվի Ընկերության բաժնետոմսերի փոխակերպման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի:  Կրկին, այս իրավանորմը բավականաչափ հստակ չէ և տարընթերցման տեղ է տալիս:

Սրանք ընդամենը երկու մասնավոր օրինակներ են:  Սրանց վերաբերյալ օրենքը հստակ սահմանումներ չի տալիս:  Մյուս կողմից, երբ առաջնորդվում ենք բիզնես տրամաբանությամբ, ստանցվում են մերժումներ, որոնք նույնպես բավականաչափ հստակ չեն:

Որպես խնդրի լուծման գործնական ուղիներ կարող են ծառայել հետևյալ միջոցները.

  • Կաղապարների հրապարակում. հրապարակել պետական ռեգիստրի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող կաղապարներ (սահմանները), որոնք հաստատված կլինեն Արդարադատության նախարարի հրամանով,
  • Ուղեցույցների հրապարակում. հրապարակել ուղեցույցներ, որոնք կհստակեցնեն օրենքում առկա անորոշություները:

Այդուհանդերձ, վեր կանգնելով մասնավոր օրինակներից և լուծումներից` կարծում ենք, որ առկա խնդրի լուծման հարցում հիմնարար դեր կխաղա բիզնես մթնոլորտի զարգացմանն ուղղված հստակ և կայուն կամքի դրսևորումը պետական ռեգիստրի կողմից:

Հարկ ենք համարում նշել, որ  վերակազմակերպման և վերագրանցման գործընթացները, պայմանավորված ՏՏ ոլորտի արագ զարգացումներով, լայն կիրառում են ստանում ինչպես աշխարհում, այնպես էլ՝ ՀՀ-ում: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ավելանում են օտարերկրյա կապիտալով հիմնադրվող ՏՏ ընկերությունները, աներկբա է, որ վերը նշված խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս արագ և պարզ ընթացակարգեր նախատեսելու, օրենքի երկակի մեկնաբանությունները բացառելու ճանապարհով: Նշված հանգամանքը էապես ազդում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և պետության կողմից գերակա հայտարարված ոլորտի վրա, ուստի վստահ ենք, որ հեշտացնելով ձևակերպման գործընթացները, Հայաստանը օր առաջ կհայտնվի տեխնոլոգիապես և տնտեսապես զարգացած երկրների շարքում:

ԼեգալԼաբ ՓԲԸ

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »