ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ

Q?

Ե՞րբ է ստեղծվել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը։

A.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը ստեղծվել է 2001 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով։ Խորհուրդն արդեն 14 տարեկան է, և այս ընթացքում գումարել է շուրջ 41 նիստ, որոնցում բարձրացվել է ՏՏ ոլորտի զանգացմանն առնչվող 248 հարց։ Այսօր էլ խորհուրդը շարունակում է իր գործունեությունը՝ տեսլականում ունենալով ավելի սերտ ու փոխկապակցված աշխատանք ՏՏ համայնքի հետ, ինչը կարևորագույն խթան է ոլորտի հետագա զարգացմանը խոչընդոտող հարցերի ու խնդիրների բացահայտման, բարձրաձայնման և լուծման համար։

Q?

Ինչ է իրենից ներկայացնում ՏՏԶԱԽ քարտուղարությունը և ինչպես է իրականացնում իր ֆունկցիաները։

A.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի որոշմամբ, որով հաստատվում է ՏՏԶԱԽ կանոնադրությունը։ Քարտուղարությունը կոչված է համակարգելու ՏՏԶԱԽ գործունեությունը։ Այն նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին, հետևում է խորհրդի որոշումների կատարմանը, ապահովում, հրապարակային տեղեկատվություն, տրամադրում է տեղեկատվություն պետական նշանակության ծրագրային միջոցառումների և աշխատանքների մասին, իրականացնում է խորհրդի ֆունկցիաներից բխող այլ գործառույթներ։
ՏՏԶԱԽ քարտուղարությունը հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, իսկ քարտուղարը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչն է, ով պատասխանատու է ՏՏԶԱԽ-ի և քարտուղարության աշխատանքների պատշաճ կատարումը վերահսկելու համար։ Խորհրդի անդամների հետ աշխատանքը, այդ թվում քննարկումները, հարցերի ու խնդիրների հավաքագրումը, տարրաբնույթ տեղեկատվության տրամադրումը, քարտուղարությունն իրականացնում է itdsc.am էլ․ կառավարման գործիքի, էլ․ նամակագրության, անմիջական հանդիպումների միջոցով, որոնք կրում են պարբերական և արտահերթ բնույթ։
Քարտուղարությունը խնդիր է դնում հասնել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ առավել սերտ համագործակցության՝ խորհրդի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

Q?

Ինչու՞մ է կայանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամի առաքելությունը։

A.

ՏՏԶԱ Խորհրդի անդամ են հանդիսանում ՏՏ ոլորտի ընկերությունների այն ղեկավարները, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ ու առաջընթացով, հանդես են գալիս տարրաբնույթ խնդիրների լուծման առաջարկներով, բարձրաձայնում են ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները, ունեն ասելիք, նոր գաղափարներ ու մտահղացումներ, ակտիվ են իրենց գործունեության ու նպատակադրման մեջ, պատասխանատու են իրենց ստանձնած պարտավորություններում, ունեն համապատասխան փորձ ու ձեռքբերումներ, տիրապետում են ոլորտում առկա հիմնախնդիրներին, ձգտում են լինել ակտիվ ու իրենց ներդրումն ունենալ ՏՏ ոլորտի զարգացման գործում։

Q?

Ինչպե՞ս կարելի է դառնալ ՏՏԶԱԽ անդամ և ինչ հիմունքներով։

A.

ՏՏԶԱԽ խորհրդի անդամ դառնալու համար տվյալ ընկերության ղեկավարն այդ մասին itdsc.am կայքի, կամ պարզապես էլ․ նամակի միջոցով տեղեկացնում է ՏՏԶԱԽ քարտուղարությանը։ Քարտուղարությունն անդամության հայտ ներկայացրած անձին տրամադրում է էլ․ հարցաթերթ, որը ընկերության ղեկավարը լրացնում է հայտն ուղարկելուց հետո 2 օրվա ընթացաքում և հետադարձ նամակով այն տրամադրում քարտուղարությանը։ Քարտուղարությունն ուսումնասիրում է հարցաթերթը և դրական պատասխանի դեպքում ընկերության ղեկավարին հանձնարարում խորհրդին անդամակցության մասին պաշտոնական նամակով (փոստով կամ առձեռն )դիմել ՀՀ վարչապետին, ով նաև ՏՏԶԱԽ խորհրդի նախագահն է, իսկ դիմումի պատճենը էլ․ եղանակով տրամադրել ՏՏԶԱԽ քարտուղարին։ Խորհրդի նախագահի դրական պատասխանի դեպքում համապատասխան գրությունը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ներակայացվում է ՀՀ նախագահին, որն էլ հաստատում է տվյալ ընկերության ղեկավարի անդամակցությունը ՏՏԶԱ Խորհրդին։
Դիմումի ձևերը դիմումատուին տրամադրվում են քարտուղարության կողմից նախապես։

Q?

Ո՞ր դեպքերում կարող է դադարեցվել ՏՏԶԱԽ-ին անդամությունը։

A.

ՏՏԶԱ խորհրդին անդամությունը կարող է դադարեցվել այն դեպքում, երբ խորհրդի անդամն առանց հիմնավորման պարբերաբար չի կատարում խորհրդում իրեն վերապահված առաքելությունը։ Այդ դեպքում, քարտուղարությունը դիմում է ՏՏԶԱ խորհրդի նախագահին՝ տվյալ կազմակերպության ղեկավարի անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Դրական պատասխանի դեպքում խորհրդի անդամի պարտականությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, իսկ ռոտացիոն կարգով ընդգրկվածներինը (ռոտացիոն սկզբունքի մասին կարդացեք 7-րդ հարցի վերաբերյալ պարզաբանումներում)՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։ Անդամակցութան հնարավոր դադարեցման մասին քարտուղարությունը նախապես տեղեկացնում է ընկերության ղեկվարին՝ սկզբում նախազգուշացմամբ՝ հնարավորություն տալով նրան վերանայելու իր մոտեցումը, բացասական արդյունքի դեպքում տեղեկացնում է տվյալ անդամին, որ նամակով դիմում է ՏՏԶԱ խորհրդի նախագահին՝ իր անդամակցությունը խորհրդին կասեցնելու խնդրանքով։ Խորհրդի նախագահը՝ վարչապետը, քննության է առնում նամակ-խնդրանքը, որից հետո դիմում է հանրապետության նախագահին՝ խորհրդի կազմում տվյալ անդամի անդամությունը դադարեցնելու խնդրանքով։ Որոշման մասին տեղեկացվում է ՏՏԶԱԽ քարտուղարությանը, վերջինս էլ իրազեկում է անդամին խորհրդում իր լիազորությունների դադարեցման մասին։

Q?

Խորհրդի անդամներից ովքե՞ր և ի՞նչ հիմուքներով են մասնակցում ՏՏԶԱԽ նիստերին։ Կա՞ արդյոք ՏՏԶԱԽ անդամների քանակական սահմանափակում։

A.

ՏՏԶԱԽ խորհրդին անդամացության քանակական որևէ սահմանափակում չկա։ Սահմանափակումը գործում է միայն ՀՀ կառավարությունում գումարվող խորհրդի նիստին մասնակցության դեպքում։ Խորհրդի նիտերին ռոտացիոն կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված ՏՏԶԱ խորհրդի ընդհանուր կազմից 15 անդամ, իսկ ռոտացիան կատարվում է տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։ Ներկայացուցիչների ցուցակից չորս անդամ Հայասատանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է չփոփոխվել ռոտացիոն կարգով։ Ի դեպ, այս սկզբունքը չի նշանակում, որ մյուս անդամների առաքելությունն այդ մեկ տարվա ընթացքում դադարում է, այլև վերջիններս շարունակում են քարտուղարության միջոցով նիստի օրակարգում ընդգրկել իրենց առաջարկությունները։ Բացի այդ, խորհրդի նիստերին խորհրդակացական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պաշտոնատար անձինք, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Q?

Ի՞նչ ընթացակարգով են կազմակերպվում ՏՏԶԱԽ նիստերը։

A.

ՏՏԶԱԽ նիստերը գումարվում են տարվա ընթացքում նվազագույնը երեք անգամ, բայց կարող են գումարվել նաև արտահերթ նիստեր։ Դրանք գումարվում են խորհրդի գործունեության ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար՝ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։ Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների 3/4-ը։ Նիստում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն, նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ խորհրդի նախագահի տեղակալը։ Որոշումներն նույնպես ընդունվուն են ձայների 3/4-ով։ Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Մինչ նիստը, քարտուղարությունը խորհրդի անդամներից հավաքագրում է խնդիրներն ու հարցադրումները, դրանց հիման վրա մշակում օրակարգ, և այն՝ օրակարգի հարցերին կից հիմնավորումներով, ներկայացնում խորհրդի անդամներին, ապա՝ ՀՀ վարչապետի հավանությանը։ Դրական պատասխանի դեպքում ՀՀ վարչապետը սահմանում է նիստի անցկացման օրն ու ժամը։ Նիստի անցկացման օրվա և ժամի մասին քարտուղարությունը էլ․ եղանակով տեղեկացնում է խորհրդի անդամներին, կազմում հրավիրյալների ցանկը և վերջիններիս տեղեկացնում այդ մասին։ Նամակը ստանալուն պես խորհրդի անդամները հետադարձ նամակով հաստատում են, որ տեղեկացել են առաջիկա նիստի մասին և ստացել են նիստի համար անհրաժեշտ բոլոր նյութերը։
Նիստին չներկայանալու դեպքում խորհրդի անդամն այդ մասին նախապես տեղեկացնում է քարտուղարությանը և տալիս համապատասխան հիմնավորում։

Q?

Ո՞ր դեպքում են խորհրդի անդամի կողմից բարձրացված հարցերն ընդգրկվում խորհրդի նիստի օրակարգ։

A.

ՏՏԶԱ խորհրդի կանոնադրության համապատասխան խորհրդում ընդգրկված անդամների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց անվերապահորեն ենթակա է բարձրաձայնման խորհրդի նիստում։

Q?

Ի՞նչ եղանակով են խորհրդի անդամները հարցերը ներկայացնում ՏՏԶԱԽ քարտուղարությանը։

A.

Խորհրդի անդամների աշխատանքը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում չի դադարում։ Այդ ընթացքում խորհրդի անդամները կարող են պարբերաբար  http://itdsc.am կայքի միջոցով կամ էլ․փոստով քարտուղարությանը ներկայացնել հարցեր ու խնդիրներ, առաջակություններ, լուծումներ, կարծիքներ և այլն։ Խորհուրդը անդամների կողմից բարցրացված հարցերը քննարկվում են համապատասխան աշխատանքայն խմբում, կատարվում են հիմնավորումներ, ճշտումներ, քննարկումներ որից հետո ձևավորվում է առաջարկ, որը ներկայացվում է Խորհրդի առաջիկա  նիստին։

Translate »