«Կրթական գիտահետազոտական լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

 

«Կրթական գիտահետազոտական լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հանդիպում

30.03.2016թ. տեղի ունեցավ «Կրթական, գիտահետազոտական, լեզվամշակութային» հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՏՏԶԱԽ առաջիկա նիստի հետ կապված օրակարգային հարցեր: Մասնավորապես.

Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հ. Մուսայելյանը ներկայացրեց Հայաստանում տեխնոլոգիական բուհի ստեղծման աշխատանքների ընթացիկ իրավիճակը: Նշվեց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է համպատասխան աշխատանքային խումբ, իսկ ներկայումս քննարկումներ են ընթանում ՏՏ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ:

Հ. Մուսայելյանը անդրադարձավ նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման խնդրին: Նշվեց, որ մրցանակաբաշխության համար անհրաժեշտ ռեսուրս դեռևս չի հայթայթվել և առաջարկվեց, որ եթե մինչև սույն թվականի մայիս ամիսը այդ ռեսուրսը չգտնվի, ապա կդիմեն ՀՀ կառավարությանը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների մրցանակաբաշխության համար անհրաժեշտ ռեսուրսը ՀՀ 2017թ.-ի պետական բյուջեով ՏՏ ոլորտին արված հատկացումների մեջ նախատեսելու խնդրանքով:

ԻՏՁՄ ՀԿ իրավաբան Ա. Սահակյանը ներկայացրեց ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրների լուծման և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 201.1 հոդվածի փոփոխության վերաբերյալ ԻՏՁՄ առաջարկը՝ մատնանշելով խնդրի կարգավորմանը միտված ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության ոչ լիարժեքությունը: Մասնավորապես առաջարկվում է ընկերություններում իրականացվող կրթական գործընթացները /վարժանքները/ ճանաչել, որպես կրթական ծրագիր և հնարավորություն տալ վերջիններիս նախապես հայտարարել իր այդ ծրագրերի մասին, որոնց մեջ կարող են ներառվել ուսուցանվող նյութերի մասին տեղեկություններ, որոնց մինչև 50 տոկոսը կարող են լինել գործնական պարապմունքներ: Ընկերության կողմից իրականացվող կրթական ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 6 ամսյա ժամկետը: Ընդ որում` վարժանքները կարող են իրականացվել թե՛ վճարովի և թե անվճար հիմունքներով՝ ընկերության և ուսնակի միջև կնքվող պայմանագրի պայմաններին համաձայն:

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է ՀՀ ԱՕ 201.1 հոդվածը վերախմբագրել հետևյալ տեսքով՝

«Գործատուն վճարի դիմաց, կամ իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ, եթե վերջինս նախապես՝ առնվազն 15 օր առաջ, հրապարակել է իր կողմից իրականացվող կրթական ծրագիրը, որի ավարտից հետո գործատուն կամ կնքում է աշխատանքային պայմանագիր և, կամ տրամադրում է տեղեկանք տվյալ անձի կողմից ստացած մասնագիտական հմտությունների վերաբերյալ:

Քննարկման արդյունքում նիստի մասնակիցները միաձայն համաձայնեցին սույն առաջարկությունը ներկայացնել ՀՀ կառավարությանը՝ խնդիրը ձևակերպելով որպես արտոնություն ՏՏ ոլորտին՝ հաշվի առնելով վերջինիս առանձնահատկություններն ու հատկապես ոլորտում նորավարտ մանագետների մեծ պահանջարկը:

Քվանտ վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը ներկայացրեց Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում ֆիզիկա առարկան պարտադիր դարձնելու առաջարկը՝ մատնանշելով, որ ներկայումս գործող կարգը, այն է՝ «վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը», հանգեցնում է դպրոցներում, հատկապես ավագ դասարաններում ֆիզիկա առարկայի ոչ պատշաճ տիրապետմանը և չսովորելուն, ինչը ՏՏ ոլորտը որակյալ կադրերով համալրելու գործում առաջացնում է լուրջ մասնագիտական խնդիրներ։

Աշխատանքային խմբի կողմից ընդունվեց սույն խնդրի կարգավորման շուրջ առաջարկությունն առ այն, որ վերոնշյալ որոշման մեջ հանվեն «իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը» բառերը, իսկ ֆիզիկա առարկայի քնությունը վերոհիշյալ և մի քանի այլ ֆակուլտետներում կրկին դառնա պարտադիր:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »