Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 41-րդ նիստի շարունակությունը

12065_am_1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 41-րդ նիստի շարունակությունը: 

Նիստը մեկնարկել է «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագրի ներկայացմամբ, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, և հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը և կտևի 45 օր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել ծրագրի հաջող իրականացումը:

 

Հաջորդ հարցով խորհրդին է ներկայացվել Հայաստանում տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը: Շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները, նման համալսարան ստեղծելու նպատակահարմարությունն ու ռիսկերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների, մասնավոր հատվածի և բուհերի մասնագետների մասնակցությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը, որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և կներկայացնի համապատասխան առաջարկություններ: 

  • 12065_am_2
  • 12065_am_5
  • 12065_am_4
  • 12065_am_3
  • 12065_am_6

Հինգերորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման և կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին: Նշվել է, որ ՀՀ-ում ոլորտն այսօր ունի բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված և նպատակային աշխատանք, խորացնել բուհ-մասնավոր ընկերություն համագործկացությունը, նպաստավոր պայմաններ ստեղծել ոլորտի ընկերությունների կողմից կրթական համակարգի զարգացմանն ուղղված ներդրումների իրականացման համար: Քննարկման ընթացքում խորհրդի մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձն ու առկա հնարավորությունները: Խոսվել է մենեջերների՝ արտասահմանում վերապատրաստման ծրագրի մասին, որը ֆինանսավորման չլինելու պատճառով, երկու տարի չէր իրագործվում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել մրցութային հանձնաժողովի աշխատանքները վերականգնելու և մենեջերների վերապատրաստումը միջազգային հայտնի համալսարաններում շարունակելու նպատակով:   Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում ՏՏ ոլորտում նախատեսվող միջոցառումներին ու ծրագրերին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Արմթեք-2015» ամենամյա համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հայաստանում, 14-ին՝ Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ, աշնանը կկայանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կանցկացվեն նաև «ԴիջիԹեք էքսպո-2015» ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը:    Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր կրկնակի հարկման խնդրին, որն առաջանում է մասնավորապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերություններում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին խնդիրը պահել ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել վերահիշյալ երկրների հետ փոխընդունելի համաձայնագրերի կնքման:  

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »