Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 41-րդ նիստը

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 24-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: 

  • 12000_am_2
  • 12000_am_7
  • 12000_am_6
  • 12000_am_5
  • 12000_am_4
  • 12000_am_3

Նախորդ նիստի հանձնարարականները վերաբերում էին ՀՀ-ում էլ կառավարման ռազմավարական ծրագրի փոփոխությանը, Ուսում համակարգի ներդրմանը, դրամաշնորհային ծրագրերի ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրներին, ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում ուսանողական պրակտիկայի կազմակերպման գործընթացում ծագող խնդիրներին, կրթական ծրագրերում ներդրումների խթանմանը և միջազգային փորձի ուսումնասիրմանը, ոչ ռեզիդենտի շահութահարկի վերացման և հարկային վարչարարության պարզեցման խնդիրներին, Հայաստանում էլ առևտրի զարգացմանը նպաստելու նկատառումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված առաջարկների օրենսդրական փաթեթի ընդունմանը խոչընդոտող հանգամանքների հետ կապված խնդիրներին։

Հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները։ Ներկայացվեցին դրանց կատարման ընթացքում առաջացող խնդիրները, տրվեցին նոր հանձնարարականներ։

Համաձայն հաստատված օրակարգի, որում ընդգրկված էր 8 հարց՝ նիստում քննարկվեցին ՀՀ տնտեսության տեխնոլոգիահեն նոր հնարավորությունները և ՏՏ ոլորտի կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են նպատակային դպրոցական և բարձրագույն հետազոտական կրթությանը, մարզերի տեխնոլոգիական զարգացմանը, անդրազգային կորպորացիաների ներգրավմանը, ֆինանսավորման ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիստի մասնակիցները եկան այն եզրահանգմանը, որ ընտրված թիրախները նպատակային են, և անհրաժեշտ է, որ խորհրդի անդամները ևս ներկայացնեն իրենց մոտեցումներն ու տեսակետները, առարկությունները՝ ռազմավարության ավելի արդյունավետ ու փոխընդունելի տարբերակի մշակման նպատակով։

Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հորդորեց բոլոր առաջարկությունները ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն՝ ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ռազմավարությունում դրանք ներառելու և այն նոր, հեռանկարային գաղափարներով լրամշակելու նպատակով:

Հաջորդ հարցով խորհրդի անդամներին  ներկայացվեց «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից Երևանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաքի կառուցման ծրագիրը, որի իրագործումը կնպաստի ՏՏ բնագավառի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկայում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Վարչապետը ողջունեց Ինժեներական քաղաքի կառուցման գաղափարը և հանձնարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկել ծրագրի իրականացման մանրամասները:

 

Նիստին հատկացված ժամանակի ավարտի հետևանքով օրակարգում ընդգրկված հաջորդ 5 հարցերի քննարկումը տեղափոխվեց հաջորդ նիստ, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում, որի մասին նախապես կտեղեկավի։

 

 

ՏՏԶԱԽ քարտուղարություն

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment

Translate »