ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ԵՊՀ)

 Yerevan_State_University_logo

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ԵՊՀ)

Յուրաքանչյուր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռնարկումներից մեկը միշտ էլ եղել է համալսարանի հիմնադրումը: Այս առումով բացառություն չէր նաև Հայաստանի առաջին Հանրապետությունը:

1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական: Իսկ արդեն 1921 թ-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության: Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922 թ-ի մարտին բացվեց նաև բժշկական ֆակուլտետը:

Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

1933 - 1934 ուսումնական տարում համալսարանում գործում էին տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետները: 1934 թ-ին մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, և նրա հիմքի վրա կազմավորվեց Մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` կենսաբանական և քիմիական ֆակուլտետների:

Այսպիսով, 1935 - 1936 ուստարվանից համալսարանում ձևավորվում և սկսում են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական: 1945 թ-ին բացվում և մինչև 1953 թ-ը գործում է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1957 թ-ին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվում է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թ-ին կրկին առանձնանում է:

1959 թ-ին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում և ինքնուրույն միավոր է դառնում ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թ-ին առանձնանում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:

Հատկապես 1960 - 1990-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվեցին նաև անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն:

1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:

1994 թ-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1700 ուսանողներ:

1995 - 1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգին:

90-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ: Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում:

Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն` ասպիրանտական եռամյա կրթություն: Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ: Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 12 խորհուրդներ:

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 207-ը պրոֆեսորներ են, 581-ը` դոցենտներ, 375-ը` ասիստենտներ, 453-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 15 ակադեմիկոսներ և 19 թղթակից անդամներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:

2006 թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

http://ysu.am/

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »