ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

SEUA_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ հիմնադրամ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) 1933թ. հիմնադրված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) իրավաժառանգորդն է:
Պոլիտեխնիկական ինստիտուտն աճել ու հզորացել է Հայաստանի արդյունաբերության զարգացմանը համընթաց: 1980-1985 թվականներին ԵրՊԻ-ն երկրի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որի շուրջ 25000 ուսանողները ստանում էին ավելի քան 65 մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անմիջապես հետո, 1991թ. նոյեմբերի 29-ին, ԵրՊԻ-ն վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)`միաժամանակ պահպանելով Պոլիտեխնիկ անունը, որով հայտնի ու սիրելի էր հանրությանը: 1990-ականներին ՀՊՃՀ-ն ոչ միայն հաջողությամբ դիմակայեց անցումային փուլի դժվարություններին, այլև Հայաստանում առաջին անգամ ներդրեց ու հաջողությամբ իրագործեց կրթության եռաստիճան համակարգը:
Այսօր Պոլիտեխնիկը Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանն է: ՀՊՃՀ-ում առկա գիտամանկավարժական ներուժը կրթության ժամանակակից մակարդակի ապահովման և տեխնիկական գիտության զարգացման գրավականն է:
Համալսարանի գործունեությունը միտված է բանիմաց ու հմուտ ճարտարագետների պատրաստմանը, որոնց գիտելիքներն ու փորձը կծառայեն Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը:

ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Կրթահամալիրների կազմում գործում են բաժանմունքներ, ֆակուլտետներ և ամբիոններ: ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը:
Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհմամբ: Բացի նշված հիմնական ծրագրերից, Համալսարանն առաջարկում է նաև լրացուցիչ կրթական ծրագրեր՝ շարունակական կրթության իր կառույցների միջոցով: Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական 29 և մագիստրոսական 32 մասնագիտություններով:
Համալսարանն իր գործունեության 80 տարվա ընթացքում երկրին տվել է մոտ 115 հազար շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում: Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպությունում` ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը:
Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ: ՀՊՃՀ հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում շուրջ 150 արտասահմանցի ուսանողներ: Համալսարանի 900-ից ավելի հիմնական դասախոսական կազմի մեծամասնությունն ունի գիտական աստիճաններ:Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն:
Համալսարանն առաջատար դերակատարություն ունի Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում: ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա` եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ: Վերջին տասնամյակում Համալսարանը ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ և գիտական կենտրոններ:
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ԱՊՀ երկրների ցանցային համալսարանին (Сетевой университет СНГ) և Տեխնիկական համալսարանների ասոցիացիային (Ассоциация технических университетов), ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում:

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »