ՔՎԱՆՏ ՎԱՐԺԱՐԱՆ

logo2

ՔՎԱՆՏ ՎԱՐԺԱՐԱՆ

 Հայաստանի Հանրապետության փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. Սեպտեմբերից (արտոնագիր հ. 001): Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ: Այսօր վարժարանի 32 դասարաններում սովորում է շուրջ 500 աշակերտ: Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով.

  • ֆիզիկամաթեմատիկական
  • քիմիակենսաբանական
  • պատմաբանասիրական
  • տնտեսագիտական
  • Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր,

ընդ որում առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ` միջազգային հոսքը` 11-րդ դասարանից սկսած:

Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին:

Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում աշակերտները հանձնում են ստուգարքներ, իսկ վերջում` քննություններ:

Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: 5-9-րդ դասարանի` օգնության կարիք ունեցող աշակերտների համար գործում են դասապատրաստման անվճար խմբեր:
Վարժարանում աշխատում է շուրջ 90 մանկավարժ, որոնցից շուրջ 35-ը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են:

1997-98 թթ-ից մինչև օրս վարժարանը դպրոցականների քաղաքային և հանրապետական օլիմպիադաների անփոփոխ առաջատարն է: Վարժարանի սաները փայլուն կերպով հանդես են գալիս նաև միջազգային օլիմպիադաներում: Միայն 2009 թվականի միջազգային օլիմպիադաներից հանրապետություն բերված 7 մեդալներից 4-ը <<Քվանտինն>> է:

Oժտված երեխաներ հայտնաբերելու և նրանց հետագա ուսումը հովանավորելու նպատակով Երևանի պետական համալսարանը և <<Քվանտ>> վարժարանը, 1996-ից սկսած, կազմակերպում են մրցույթ մաթեմատիկայից 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների համար:
Մրցույթում հաղթած երեխաներին հնարավորություն է տրվում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու <<Քվանտ>> վարժարանում` հատուկ ծրագրով, ինչպես նաև ընդգրկվելու օլիմպիական խմբակներում և համալրելու միջագգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը:
Վարժարանը ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև գիտամանկավարժական նորարարությունների, կրթական նոր տեխնոլոգիաների ու առաջավոր փորձի ներդրման կենտրոն:
Վարժարանն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի,
Կանադայի և Շվեդիայի դպրոցների հետ, հաջողությամբ համագործակցում միջազգային կազմակերպությունների հետ (Բաց հասարակության ինստիտուտ, ՅՈՒՆԵՍԿՕ և այլն):
Վարժարանում գործում է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որի մասնագետներն անցկացնում են անհատական և խմբակային պարապմունքներ, կատարում են սոցիոլոգիական հետազոտություններ և հոգեբանական դիտարկումներ:

Վարժարանն ունի մարզասրահ, ընթերցասրահ, կրթական նոր տեխնոլոգիաների և համակարգչային 3 նոր դասասենյակներ,որտեղ երեխաները հնարավորություն ունեն ինքնուրույն ուսումնասիրելու տարբեր կրթական ծրագրեր և օգտվելու ինտերնետ ցանցից:

Կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար և հիմնադրման 15 ամյակի կապակցությամբ վարժարանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով:

 

Ոչ մի մեկնաբանություն չկա

Leave a comment



Translate »